ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ. «Նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի»
Հունիսի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության եւ ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը ժողովրդավարության զարգացմանը ոչ ժողովրդավար եւ անցումային ժողովրդավարությամբ երկրներում: Պետդեպարտամենտը զեկույցը պատրաստելիս հաշվի է առել ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքը։ Զեկույցը ընդգրկում է 106 երկիր, այդ թվում' Հայաստանը եւ հարեւան երկրները:
Զեկույցի համաձայն, 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, իսկ 20-օրյա արտակարգ դրությունը զգալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունությունը եւ հավաքների ազատությունը։ Ուժայինների եւ ցուցարարների բախման արդյունքում հանգեցրել է 10 հոգու մահվան, իսկ կառավարությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը նշանակալի վատացել է մարտիմեկյան բռնություններից հետո:
Զեկույցի հեղինակները նշում են. - «Իշխանությունն օգտագործել է իր լծակները' ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների եւ վրեժի նպատակով: Ոստիկանությունը բռնություն է կիրառել կալանավորվածների նկատմամբ, իսկ իրավական գործընթացները հաճախ ընթացել են ոչ պատշաճ մակարդակով»:
Զեկույցի համաձայն, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը գործում են անպատիժ եւ կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքին մնալ որպես ճնշումների գործիք, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրները։ Անդրադառնալով քաղաքական դատավարություններին' զեկույցի հեղինակները նշում են. «Դատարանները շարունակել են գործադիր իշխանության կողմից ենթարկվել քաղաքական ճնշումների. քաղաքական ընդդիմախոսների ընտրովի դատական հետապնդումը եւ արդարացի քննության բացակայությունը արտահայտել են դատական իշխանության անկախության պակասը: Բանտային պայմանները շարունակել են մնալ անբավարար եւ անառողջ: Իշխանությունները ոչ միշտ են հարգել քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիությունը»
Զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարված ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ-ի նպատակներին: Դրանք են' ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում, քաղաքական բազմազանությունը, լրատվամիջոցների եւ դատական համակարգի անկախությունը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է նաեւ ընտրական համակարգի զարգացումը Հայաստանում, ասում են զեկույցի հեղինակները:
2006 թվականից ուժի մեջ մտած «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ պայմանագրի շարունակականությունը կախված է ժողովրդավարության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացից։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ հաշվի առնելով 2008 թվականի նախագահական ընտրությունների բացթողումներն ու ընդհանուր հետընթացը ժողովրդավարության բնագավառում, Միացյալ Նահանգներն ակտիվացրել է աշխատանքը քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական իշխանությունների եւ կառավարության հետ' կանխելու համար բացասական միտումները։
Միացյալ Նահանգները բազմիցս պաշտոնապես զգուշացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորումը կախված է ժողովրդավարական գործընթացների զարգացումից, եւ այդ պատճառով Միացյալ նահանգները կրճատել է ֆինանսավորումը այն տարի, երբ գրանցվել է հետընթաց։
Սակայն Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել ժողովրդավարության զարգացման ռազմավարության եռամյա ծրագիրը, որի մի մասն ուղղվել է այս տարվա ավագանու ընտրություններից առաջ ընտրական գործընթացի թափանցիկության եւ արդարության մակարդակը բարձրացնելուն։ Զեկույցի վերջին մասում նշվում է նաեւ, թե' «Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրագրի' օժանդակել մարտի 1-2-ին տեղի ունեցած բռնությունների ուսումնասիրության անկախ հանձնաժողով ստեղծելու գործում, ԱՄՆ պաշտոնյաներն առաջարկեցին, իսկ ապա կազմակերպեցին եւ ֆինանսավորեցին ԱՄՆ 9/11 հանձնաժողովի աշխատակազմի նախկին անդամների այցը Հայաստան' կիսելու համապետական ճգնաժամի քննություն անցկացնելու' իրենց երկկուսակցական փորձը»:
