Ընտրությունների օրը կատարած դիտորդական առաքելության վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը 2009թ. մայիսի 31-ին իրականացրին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում: Դիտարկումն իրականացվել է Արաբկիրի թվով 49 ընտրատեղամասերում (4/01-ից- 4/32 և 5/18-ից - 5/34):

Քվեարկության օրվա դիտարկմանը մասնակցել են 100 դիտորդներ:

Դիտարկման արդյունքները կամփոփվեն առաջիկայում, որի վերաբերյալ կհրապարակվի ու հանրությանը կներկայացվի ամփոփ հաշվետվություն:

Քվեարկության օրվա դիտարկումից պարզվեց, որ մի շարք ընտրատեղամասերում եղել են ընտրողների կուտակումներ, որի հետևանքով խառնաշփոթ է սկսվել ընտրատեղամասերում և գործընթացները դարձել են դժվար վերահսկելի: Որոշ ընտրատեղամասերում ոստիկանության ներկայացուցիչները մասնակցել են նաև ձայների հաշվարկի գործընթացներին, արձանագրվել են խմբակային քվեարկության, բաց քվեարկության, ուղղորդված քվեարկության դեպքեր:

Մի շարք տեղամասերում դիտորդները նկատել են ցուցակներով ներսուդուրս անող անձանց, որոնք ճշտել են ընտրողների մասնակցության տվյալները: Ընտրողների կողմից փորձեր են արվել քվեարկությանը մասնակցել անձնագրի պատճենով կամ այլ անձի անձնագրով:

Փորձ է արվել կրկնակի քվեարկության, որոշ դեպքերում միջամտության շնորհիվ կանխվել են:

Որոշ տեղամասերում ընտրախախտումներն ունեցել են առանձնահատկություն: Օրինակ` թիվ 4/10 ընտրատեղամասում քվեարկության սենյակ մտնող ընտրողի ձեռքին արդեն եղել է քվեարկության ծրար և քվեաթերթիկ, մի ընտրող էլ գրանցվելուց հետո հեռացել է առանց քվեարկելու, մեր դիտորդը ձայների հաշվարկի ժամանակ արձանագրել է նաև քվեարկության դատարկ ծրարի առկայություն, որի հետևանքով պակասող քվեաթերթիկը դրվել է անվավեր ճանաչված քվեաթերթիկների տրցակի վրա:

Քվեարկության ողջ գործընթացը, այդ թվում ձայների հաշվարկի գործընթացները, վերահսկվել է ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովի, այնպես էլ դիտորդների ու վստահված անձանց կողմից:

Գրեթե բոլոր դիտորդներին տրամադրվել են քաղվածքներ ամփոփիչ արձանագրություններից` կնքված և ստորագրված հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի կողմից:

Տվյալների ամփոփման արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ձայների ոչ մեծ տարբերությամբ` երկրորդ տեղը` Հայ ազգային կոնգրեսը, իսկ երրորդ տեղը` արդեն ձայների ավելի մեծ տարբերությամբ Բարգավաճ Հայաստանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
2.06.2009թ.