Ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբանը

Չորեքշաբթի կեսգիշերին մոտ ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը:
«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը պատմեց Մնացականյանը: - «Մեքենան կանգնեցրել եմ գարաժ, որը մեր շենքից մի փոքր ներքեւ է գտնվում, ոտքով քայլել եմ դեպի տուն: Շենքի անկյունը պտտվելիս մուտքի մոտ ես նկատեցի այդ երկու երիտասարդին, որոնց երբեւէ չէի տեսել… Իրենք մուտքի մոտ դեմ-դիմաց կանգնած զրուցում էին: Շշուկով էին զրույցում: Ինչ-որ կասկածանք առաջացավ իմ մոտ: Ինչ-որ կանխազգացումով փորձեցի զանգահարել տղայիս»:

Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներին էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւանն

երին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»:

Նվեր Մնացականյանը դժվարացավ որեւէ բացատրություն տալ կատարվածին. - «Չեմ կարող ասել: Մեր գործունեության մեջ ամեն ինչի հետ կարելի է կապել: Ես որեւէ բիզնեսի կամ որեւ որեւէ այլ գործունեության հետ կապ չունեմ: Չեմ էլ ունեցել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա կապված լինի իր հեղինակած հեռուստահաղորդումներից մեկի հետ, Մնացականյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հետեւություններ անել չեմ կարող: Ես այդպիսի թողարկումներ տարին մի 15-20 հատ անցկացնում եմ…»:

Հեռուստալրագրողը վնասվածքներ է ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներիով: