ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռ. Սահակյան.«Դա սպանության փորձ էր. փորձ է արվել վնասել կենսականորեն անհրաժեշտ մարմնի մասը` գլուխը»
«Արգիշտի Կիվիրյանի դեմ տեղի ունեցած հարձակման դեպքը Հայաստանում նախադեպ չէ, քանի որ հայ գործիչների և լրագրողների նկատմամբ բռնությունները մինչ այս էլ եղել են, սակայն այս դեպքն առանձնանում է իր դաժանությամբ»,- այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի լույս 30-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող իր տան շքամուտքի մոտ անհայտ չարագործների հարձակմանն է ենթարկվել «Արմենիա թըդեյ» ինտերնետային գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
«Այս դեպքն իր դաժանությամբ երևի գերազանցում էր մինչ այդ իմ տեսած դեպքերին: Ես սարսափած էի դրանից, ինչ տեսա հիվանդանոցում: Ես համոզված եմ, որ դա եղել է սպանության փորձ», -ասաց նա ու կարծիք հայտնեց, որ հարձակումը հիմնականում կապված է Ա. Կիվիրյանի լրագրողական գործունեության հետ: Ըստ նրա, հավանաբար, քաղաքական պատվեր է եղել:
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ Ա. Կիվիրյանի վրա հարձակման դեպքը խնդրահարույց է, քանի որ չկան վկաներ: Նա նշեց, որ հարձակման փաստի առիթով հարուցված քրեական գործը սխալ ուղղությամբ է ընթանում: Ըստ նրա, Կիվիրյանի վրա հարձակման առիթով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 117 հոդվածով` ընդամենը թեթև մարմնական վնասվածք, մինչդեռ պետք է գործ հարուցվեր 104 հոդվածի 2-րդ մասով` սպանության փորձ: Ռ. Սահակյանը պնդեց, թե դա եղել է սպանության փորձ, որովհետև փորձ է արվել վնասել կենսականորեն անհրաժեշտ գլուխը։
Այս ամենը նա համարում է ուղղակի անգրագիտություն:
Խոսքի ազատության պաշտպանության փորձագետ Մեսրոպ Հարությունյանն էլ նշեց, որ լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնություններից հետո Հայաստանի նախագահի կողմից հատուկ հանձնարարվում է` բացահայտել գործերը: «Եթե ամեն անգամ հանձնարարվում է ու դեպքը չի բացահայտվում, ապա մեզ պետք չեն այդ ձևական հայտարարությունները: Մեզ պետք է բացահայտում», - ասաց նա:
