Երկու հայտարարություն

ՆԱՏՕ-ն պաշտպանում է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է Ստրասբուրգում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթում:

Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. <Մենք նախկինի պես մտահոգված ենք Հարավային Կովկասում և Մոլդովայում շարունակվող տևական հակամատությունների առնչությամբ: Չափազանց կարևոր է, որպեսզի այդ հակամարտությունների բոլոր կողմերը կառուցողականորեն մասնակցեն դրանց խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված բանակցային գործընթացներին և ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Մենք հարգանքով ենք վերաբերվում առկա բանակցային ձևաչափին, շարունակում ենք պաշտպանել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կշարունակենք պաշտպանել այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված ջանքերը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ջանքերը և այդ տարածաշրջաններում առկա գործընթացները, որոնց համար Կայունության և համագործակցության պլատֆորմը կարող էր դառնալ օգտակար համալրում>:

գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրները, մինչդեռ Թուրքիան դեմ է եղել Ռասմուսենի թեկնածությանը` դանիական մամուլում Մուհամեդ մարգարեի ծաղրանկերին հրապարակմանն առնչվող նրա դիրքորոշման պատճառով: Սակայն ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարներին, ի վերջո, հաջողվել է համոզել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին համաձայնել Ֆոգ Ռասմուսենի թեկնածությանը: ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յափ դե Հոփ Սխեֆերի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:

Իսկ ահա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն §Ռուսթավի-2> հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է` Վրաստանն ու Հայաստանը մոտ ժամանակներս կձևավորեն ռազմավարական հարաբերություններ: Վրաստանի արտգործնախարարի ասելով, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան Վրաստանի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության բաղադրամասը: Վրաստանի արտաքին քաղաքականության նախորդ ռազմավարությունը նախատեսված էր 2007-2009 թվականների համար:

Այժմ Վրաստանի արտգործնախարարությունը տեղական փորձագետների մասնակցությամբ նախապատրաստում է նոր փաստաթղթր, որոնք նախատեսված են 2009-2010 թվականների համար: Նախորդ փաստաթղթերում որպես Վրաստանի ռազմավարական գործընկերներ նշված էին ԱՄՆ, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը, որոնք, ինչպես ակնկալվում են, կմնան այդպիսին: