«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը միասնական ցուցակով չեն մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

Երեկ կեսգիշերին մոտ ավարտված «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել, որի արդյունքում «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը միասնական ցուցակով չեն մասնակցի մայիսի 31-ին նախատեսվող Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին:

«Երեկ մենք պաշտոնապես ստացանք Հայ ազգային կոնգրեսի կողմից միասնական ցուցակի իրենց տարբերակը` առաջարկի տեսքով եւ հենց դա էր քննարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Քննարկումների արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը իր պատկերացումները ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսին մրցունակ եւ հաղթական ցուցակի վերաբերյալ եւ օպերատիվ ռեժիմով կապ հաստատվեց ՀԱԿ-ի հետ եւ ներկայացվեց «Ժառանգության» տարբերակը եւ ես կարող եմ ասել, որ ցավոք սրտի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի պատկերացումները այդ ցուցակի վերաբերյալ չհամընկան եւ ՀԱԿ-ը չընդունեց «Ժառանգության» կողմից առաջարկված տարբերակը, որի արդյունքում կարող ենք փաստել, որ միասնական ցուցակի վերաբերյալ բանակցությունները ավարտվեցին անհաջողությամբ», - մանրամասնեց Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը նաեւ հայտնեց, որ «Ժառանգությունը» առայժմ որոշում չի կայացրել այն մասին, թե ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, քանի որ «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին «իր մասնակցության ձեւի եւ բովանդակության մասին որոշումը դեռ չի կայացրել»: