ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազությունը մեղադրում է Ոստիկանությանը թերանալու մեջ
Երևանում հաճախացել են հասարակական վայրերում անձի դեմ կատարվող հանցագործությունները: Այս մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազության 2008 թվականի գործունեության վերաբերյալ տեղեկանքում:
Անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անձի դեմ ուղղված հանցագործությունների մեծ մասը գրանցվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքներում գտնվող ժամանցի վայրերում, չնչին առիթներից առաջացած վիճաբանությունների արդյունքում:
Ըստ գլխավոր դատախազության, Ոստիկանության ստորաբաժանումները գործնական միջոցներ չեն ձեռնարկում ժամանցի վայրերում հասարակական կարգը պահպանելու և հանցագործությունները կանխարգելելու համար: «Ոստիկանության աշխատանքում դեռ նկատելի են լուրջ թերություններ, որոնք հիմնականում արտահայտվում են հանցագործությունների նախականխման աշխատանքների անբավարար վիճակի և հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ոչ բոլոր հնարավորություններն օգտագործելու մեջ»,- նշված է տեղեկանքում:
Նշենք, որ 2008 թվականին հանցագործությունների թիվն ավելացել է 10 տոկոսով, հասնելով 9271-ի: Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է 113-ով, ընդ որում այդ աճը նկատելի է հատկապես Երևանում: Այսպես. Եթե 2008-ին անձի դեմ ուղղված հանցագործությունները հանրապետությունում աճել են 3,8 տոկոսով, ապա Երևանում` 21,3 տոկոսով:
Դրանից զատ, 2008-ին գրանցվել է այդ տիպի հանցագործությունների բացահայտման ցուցանիշի վատթարացում: Եթե 2007 թվականին բացահայտվել է հանցագործությունների 87,8 տոկոսը, ապա 2008-ին այդ ցուցանիշը նվազել է հասնելով 85,5 տոկոսի:
