ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանի հայտարարությունը եթեր հեռարձակվող սերիալների, գովազդների վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը հայաստանյան հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող սերիալների, գովազդների վերաբերյալ
Խորին մտահոգությունս եմ հայտնում ներկայումս Հայաստանում Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող սերիալների և գովազդների որակի ու բովանդակության և հատկապես ձևավորման փուլում գտնվող անչափահասների վրա դրանց բացասական ազդեցության կապակցությամբ:
Ակնհայտ է, որ վերջին ժամանակները հայաստանյան տարբեր հեռուստաալիքներ ցուցադրում են ցածրորակ սերիալներ, որոնք փողոցային ժարգոնով ու հայհոյանքներով են համեմված և գովազդում են հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Չի պահպանվում եթերի գրագիտությունը և բարոյականությունը, մեր հասարակությունը, և հատկապես նրա խոցելի խումբ հանդիսացող մեր երեխաները ստիպված են այսօր դիտել գռեհիկ, ապադաստիարակչական հեռուստաարտադրանք, ցինիկ հեռուստագովազդներ:
Պակաս մտահոգիչ չէ, որ եթերում ցուցադրվում են նաև դաժան տեսարաններով և բռնություններով լի հեռուստաֆիլմեր, որոնք զուգորդվում են հոգեբանական տեռորով, արժանապատվության վրա հիմնված արժեհամակարգի խարխլումով: Այս ամենը, բնականաբար ծանր հոգեբանական ազդեցություն է ունենում հատկապես երեխաների վրա, նրանց մեջ սերմանում ընկճվածություն, անելանելիության զգացողություն, անհանդուրժողականություն, ագրեսիվություն և այլ բացասական որակներ:
Փաստորեն, բարոյադաստիարակչական ազդեցություն ունենալու, մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք սերունդների մեջ արմատավորելու փոխարեն, նմանատիպ ֆիլմերը, գովազդները ըստ էության հակառակ ազդեցությունն են ունենում:
Չկենտրոնանալով որևէ հետուստաընկերության վրա, որպես օրինակ ցանկանում եմ նշել մամուլում բազմիցս քննարկված «Որբերը» հեռուստասերիալը:
Կոչ եմ անում բոլոր հեռուստաընկերություններին և նրանց գործունեությունը վերահսկող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ:
