Ռազմիկ Զոհրաբյան. «Այո, բոլորին ձերբակալելու շարժառիթները եղել են քաղաքական»

«Ոչ թե որևէ փաստաթղթով են որոշում, թե ով է համարվում քաղբանտարկյալ, այլ պարզապես ճանաչում կամ չեն ճանաչում քաղբանտարկյալ: Ցանկացած պաշտոնյա, իրավապաշտպան, կամ առանձին քաղաքացի կարող է որևէ մեկին ճանաչել կամ չճանաչել քաղբանտարկյալ»,- այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հարցին, թե ո՞վ է պետք է որոշի Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե` ոչ:

Հիշեցնենք, որ նույն հարցի առնչությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Եվրախոհուրդը, իսկ ինքն ու ՀՅԴ-ն նման իրավասություն չունեն:

«Քաղկալանավորը նա է, ում հետապնդում են, ձերբակալում ու դատապարտում են իր հայացքների համար, դրանք հրապարակավ հայտնելու համար»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Իսկ մինչև հիմա դատարանի վճռով դատապարտված որևէ քաղաքական գործչի այդպիսին չե՞ք համարում, հարցին ի պատասխան նա նշեց. «Ես ասել եմ, որ այդ մարդիկ ձերբակալված են քաղաքական շարժառիթներով: Այո, բոլորին ձերբակալելու շարժառիթները եղել են քաղաքական, որովհետև միտինգը կազմակերպված է եղել քաղաքական միտումով, նրանք ընդդիմությունից են եղել, եղել է շարժում և նրանք անհամաձայնություն են հայտնել իշխանությունններին ընտրությունների վերաբերյալ»,-կարծիք հայտնեց նա ու հավելեց, որ թեև ձերբակալման շարժառիթը եղել է քաղաքական, սակայն տեղի են ունեցել նաև քրեական հանցագործություններ և դատարանը պետք է որոշի, թե նրանցից ով է քրեական, ով` քաղբանտարկյալ:

Իսկ միայն մեկ ոստիկանի ցուցմունքով դատապարտված մարդիկ քաղբանտարկյալներ չե՞ն, հարցին էլ արձագանքեց. «Դե 10 ոստիկան որտեղից բերենք, եթե մեկն է մասնակցել գործողությանը»:

Ռ. Զոհրաբյանը հիշեցրեց, որ Խորհրդային Միության տարիներին իրենք նույնպես իրենց համարել են քաղբանտարկյալներ, քանի որ քաղաքական պայքար են մղել, սակայն դատապարտվել են քրեական հոդվածով: «Դա մենք էինք մեզ քաղբանտարկյալ համարում, ոչ թե պետությունը»,- ասաց նա, հավելելով, որ եթե հանկարծ դատարանում պարզվի, որ հիմնավոր ապացույցներ չկան ձերբակալված անձանց դեմ, ապա «կարելի է անգամ ներողություն խնդրել ու փոխհատուցում տալ նրանց»: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրեն, օրինակ արդարացրել են և ինքը 20 հազար ռուբլու փոխհատուցում է ստացել պետությունից: