Human Rights Watch-ը իրավունքի պաշտպանության առումով հայաստանում վիճակը ճգնաժամային է գնահատել

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում կարծիք է հայտնել, որ իրավունքի պաշտպանության տեսանկյունից 2008-ին Հայաստանը մեծ ճգնաժամ է ապրել: «Մարտի 1-ին ուժային կառույցների կողմից ցուցարարների ցրումը քիչ էր մնում Հայաստանում իրավունքի պաշտպանության ոլորտում խորը ճգնաժամ առաջացնեին: Ցուցարարները պայքարել են ոստիկանների հետ, հազարավոր ցուցարարներ կալանավորվել են և ընդդիմության հարյուրից ավել կողմնակիցներ վարչական պատասխանատվության են ենթարկվել: Այդքանից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում հիմնարար ազատությունների սահմանափակումներ գրանցվեցին, այդ թվում` հավաքների ազատությունը»,- ասվում է կազմակերպության հրապարակած զեկույցում, որը տեղադրված է նրանց պաշտոնական կայքէջում:

Այնտեղ նաև ասվում է, որ «մարտի 1-ին ոստիկանները անհամեմատ մեծ ուժ են կիրառել` մահակներով ծեծելով ցուցարարներին: Ցուցարարների կողմից ևս ուժ կիրառվել է, երբ նրանք ոստիկանության ուղղությամբ քարեր են նետել և մեքենաներ այրել»:
Զեկույցում նաև հիշել են, որ Մարտի 1-ին նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարվել, ինչի շրջանակներում սահմանափակվել է մարդկանց հավաքներ կազմակերպելու և ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև կարծիքներ արտահայտելու իրավունքները: «ԵԽԽՎ ջանքերի շնորհիվ մարտյան իրադարձությունների ուսումնասիրման ուղղությամբ Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել, սակայն մինչ այժմ ոչ մեկ չի պատժվել մարդկանց մահվան համար», - գրված է զեկույցում:

Զեկույցի հեղինակների քննարկման առարկա է դարձել նաև 2008- հայաստանյան նախագահական ընտրությունները, որոնք ըստ նրանց, անցել են բռնություններով: Զեկույցի համաձայն, անցած տարում մեր երկրում խախտվել է նաև խոսքի ազատության իրավունքը: «Փետրվարյան իրադարձությունները լուսաբանող լրագրողները ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել», - ասված է զեկույցում: