Օմբուդսմենը խառնվեց գործին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը զբաղվում է «Յոթի» գործով մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանի հարցով:

ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկում գտնվող կալանավոր Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան` փաստաբան Ստեփան Ոսկանյանը 23.12.2008 թվականին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել է, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել:

Նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ահազանգել ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" ՔԿՀ գտնվող կալանավոր Գևորգ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը և հայտնել, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել և իրեն չեն թողնում տեսակցել վերջինիս հետ:

Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" ՔԿՀ, հանդիպել նախնական կալանքի տակ գտնվող Գրիգոր Ոսկերչյանին և Գևորգ Մանուկյանին: Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գրիգոր Ոսկերչյանը հայտնել է, որ 23.12.2008 թվականին, ժամը 10.00-ին կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը և իրեն անծանոթ այլ անձիք` կալանախցում խուզարկություն կատարելու համար: Իրեն որպես տարիքով ավագի թողել են կալանախցում, իսկ մյուս կալանավորներին հանել են խցից:

Խուզարկության ժամանակ խուզարկություն կատարողներից մեկը տեղեկանալով, թե ինքը ՀՀ քրեական օրենսգրի որ հոդվածով է մեղադրվում` ուժգին ապտակել է իրեն, որից հետո ևս մեկ հարված է ստացել աջ ոտքին: Ստացած հարվածների հետևանքով իր ինքնազգացողությունը խիստ վատացել է, որի պատճառով էլ իրեն նշանակված ժամից ուշ են ներկայացրել դատարան:

Մյուս կալանավոր Գևորգ Մանուկյանը պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ արդեն հանդիպել է իր փաստաբանի հետ, իսկ ինչ վերաբերում է իրեն ծեծի ենթարկելուն, ապա հրաժարվում է այդ առումով որևէ հայտարարություն անել, քանի դեռ չի խորհրդակցել փաստաբանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան` Ա. Հարությունյանը դատապարտում է նման բռնության երևույթը, համարելով այն որպես ճնշում ամբաստանյալների վրա, ուստի Գրիգոր Ոսկերչյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն և պատժել մեղավոր անձանց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան ատյաններում բարձրացրել է նաև`

ա) լրագրողների կողմից դատական նիստը լուսաբանելու պայմանների հետ կապված հարցերը, որպիսի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն լուսաբանել դատավարությունը, այլ ոչ թե ստիպված լինեն օգտվել մատուցված նյութից,

բ) ամբաստանյալների հարազատների` դատական նիստերի դահլիճ մուտքի ապահովման հարցը, քանզի դատական նիստերի դահլիճում էին գտնվում քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկանության աշխատակիցներ, մինչդեռ ամբաստանյալների հարազատների մեծ մասը չէին կարողացել մուտք գործել այնտեղ:

Արմեն Հարությունյանը այս գործով նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին:

«Հարգելի պարոն Դանիելյան,

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը 23.12.2008 թվականին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել է, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել: Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով իմ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին Գրիգոր Ոսկերչյանին, որը հայտնեց, որ 23.12.2008 թվականին, ժամը 10.00-ին կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը և իրեն անծանոթ այլ անձիք՝ կալանախցում խուզարկություն կատարելու համար: Իրեն որպես տարիքով ավագի թողել են կալանախցում, իսկ մյուս կալանավորներին հանել են խցից:

Խուզարկության ժամանակ խուզարկություն կատարողներից մեկը տեղեկանալով, թե Գ. Ոսկերչյանը ՀՀ քրեական օրենսգրի որ հոդվածով է մեղադրվում՝ ուժգին ապտակել է վերջինիս և հարվածել աջ ոտքին: Ստացած հարվածների հետևանքով իր ինքնազգացողությունը խիստ վատացել է, որի պատճառով էլ իրեն նշանակված ժամից ուշ են ներկայացրել դատարան: Ելնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով ինձ վերապահված լիազորություններից՝ խնդրում եմ անցկացնել ծառայողական քննություն և արդյունքների մասին տեղեկացնել ինձ:»