ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանումը
Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը դեկտեմբերի 24-ին տարածել է հաղորդագրություն, որտեղ պարզաբանում է “Նուբարաշեն”քերակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը:
Դեկտեմբերի 23-ին, ընդդիմության ձերբակալված առաջնորդներից մեկի, ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին բանտախցում ծեծել են: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն այդ տեղեկությունը համարում է իրականության խեղաթյուրում:
“Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ին, “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում իրականացվել է խուզարկություն, որը օրենքով սահմանված կարգով պարբերաբար անցկացվում է յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում: Հիմնարկի խցերից մեկում խուզարկության ընթացքում այդ խցում պատիժ կրող դատապարտյալների կողմից կատարվել է հարձակում: Հարձակման արդյունքում մարմնական վնասվածներ է ստացել Քրեակատարողական վարչության արագ արձագանքման բաժնի պետը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Հարձակումը կանխելու և դատապարտյալներին հետ մղելու նպատակով, ղեկավարվելով Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների դրույթներով, քրեակատարողական ծառայողների կողմից գործադրվել է ուժ և հատուկ միջոցներ: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Գ. Ոսկերչյանը որևէ առնչություն չի ունեցել հիմնարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի գործադրման հետ: Միաժամանակ հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որը գլխավորում է նախարարը, իսկ որպես մասնակիցներ են հրավիրված Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականը”, ասված է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
