Ստուգել են ՔԿՀ–ների տրվող հացի որակը

Հայաստանի հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության քարտուղարը տեղեկացնում է, թե ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումների, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելություններ է ունեցել Երևան քաղաքում տեղակայված թվով 4 քրեակատարողական հիմնարկներ` տեղում հացի որակը ստուգելու նպատակով: Խումբն արձանագրել է, որ Վարդաշեն, Էրեբունի, Նուբարաշեն և Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկներում հացի արտաքին հետազոտմամբ պարզվել է, որ հացը լավորակ է և ոչ խոնավ:

Աշխատանքային խումբը, օբյեկտիվ և անաչառ եզրակացություն ստանալու նպատակով, որոշում է ընդունել նշված բոլոր հիմնարկներից ստացված հացի նմուշներն ուղարկել փորձաքննության: Համաձայն ՄԱՎԱՍ Գրուպ ՍՊ ընկերության կողմից տրված 18 դեկտեմբերի 2008թ. գրության, ներկայացված հացի արտաքին տեսքը, համը և հոտը համապատասխանում են լավորակ հացին: Նույն օրը տրված թիվ 1-148 արտադրանքի նմուշների փորձարկման արձանագրության, լաբորատոր հետազոտման արդյունքներով պարզվել է, որ ներկայացված հացի թթվայնությունը և խոնավությունն ամբողջությամբ համապատասխանում են սահմանված չափորոշիչներին:

Քրեակատարողական վարչությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ պատրաստ է ընդունել ցանկացած մասնագետի` հացի որակը տեղում ուսումնասիրելու նպատակով:

Քրեակատարողական հիմնարկների համար նախատեսված հացն արտադրում է Աջակցություն դատապարտյալին հիմնադրամը, որը յուրաքանչյուր օր Երևան քաղաքում տեղակայված քրեակատարողական հիմնարկների համար արտադրում է ավելի քան 1200 կգ առաջին տեսակի ալյուրից արտադրված Հրազդան հաց։