Այսօր մեկնարկում է «7-ի գործով» դատավարությունը

Այսօր Երեւանի քրեական դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կսկսի մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:

Պաշտպանական կողմը բազմիցս հայտարարել է, որ գործում հանցակազմ չկա:

«7-ի գործում» ներգրավված պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց. - «Ես ի սկզբանե ասել եմ, որ ակնկալիք չունեմ դատարանից: Միայն քաղաքական որոշման արդյունքում մեր պաշտպանյալները ազատ կարձակվեն»:

«Եվ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը որ այդպիսի բանաձեւի նախագիծ է ներկայացրել` ինձ համար նաեւ տարօրինակ է, որ որոշ քաղաքական այրեր հայտարարում են, որ «մենք սուվերեն երկիր ենք, նրանց ասածը չի», եւ այլն: Բայց չէ՞ որ մեր պետությունը կամովին է այդ ընդհանուր ընտանիքին անդամագրվել, եւ մենք պարտավոր ենք այդ քաղաքակիրթ ճանապարհով առաջ գնալ», - ընդգծեց փաստաբանը` հավելելով. - «Առավել եւս, որ ուղղակիորեն հայտարարվել է, որ իշխանության զավթման փորձ գոյություն չունի` այն դեպքում, որ մեր պաշտպանյալների վրա նույնիսկ դրված է` իշխանությունը զավթել են կամ նման գործողություններ են կատարել, որ քրեական գործով, միանշանակ, որեւէ փաստական տվյալ գոյություն չունի»:

Հովիկ Արսենյանը կարծում է, որ, ի վերջո, ողջամտությունը, ողջախոհությունը կհաղթանակի, եւ իրենց պաշտպանյալները ազատ կարձակվեն:

Դատավարության ինչ-որ փուլում համաներման հնարավորությանը վերաբերող հարցին փաստաբանը արձագանքեց. - «Խնդիրը այս դատավարության փուլի մասին չէ: Համաներումը վաղուց են ուշացրել, եւ դա շատ մեծ վնասներ է հասցրել թե’ մեր պետությանը, թե’ ներքին անվտանգությանը, թե’ մեր հասարակությանը: Դա հրամայական անհրաժեշտություն է»:

Իսկ դատավարության հնարավոր ժամկետների մասին հարցին Հովիկ Արսենյանը պատասխանեց. - «Ես ավելի հակված եմ նրան, որ, այնուամենայնիվ, քաղաքական որոշման արդյունքում պետք է հենց դատավարության ընթացքում կարճվի»: