Ներողություն խնդրողների թիվը հասնում է 10 հազարի

Այսօր ժամը 13:00-ի դրությամբ 9.767 թուրք արդեն իսկ ներողություն է խնդրել Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի ցեղասպանության համար: Նկատենք, որ շուրջ 200 թուրք մտավորականներ 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը որակել են «մեծ աղետ» և համացանցում հայերի ներողամտությունը հայցելու համար բացել են ինտերնետ-կայք: Ներողություն խնդրելու համար մարդիկ ինտերնետում իրենց ստորագրությունն են թողնում:

«Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս շարունակել հերքել 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված «Մեծ աղետը», - ասված է ինտերնետ կայքէջում,- ես մերժում եմ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների զգացումներն ու ցավը և իմ ներողամտությունն եմ հայցում»:

Թուրք ազգայնականները, ինչպեսև սպասվում էր, քննադատության են ենթարկել մտավորականների նման նախաձեռնությունը, և շուրջ 60 ազգայնական քաղաքական գործիչներ այդ շարժումը որակել են թույլ, և ազգային շահերին հակասող: «Նման սխալ վարքագիծը նշանակում է, որ նրանք չեն հարգում մեր պատմությունը», - ասել են ազգայնական քաղաքական գործիչները:

«Ինձ համար անընդունելի է, և ես չեմ կարող սատարել թուրք մտավորականության` վերջերս սկսված ինտերնետային ակցիան, որի միջոցով նրանք ներողություն են խնդրում հայերից»,- նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։