Թուրք մտավորականները ներողություն են խնդրում

Թուրքական աղբյուրների համաձայն, այսօր մի խումբ թուրք մտավորականներ և ակադեմիկոսներ մտադիր են ինտերնետային կայքում զետեղել իրենց համընդհանուր ներողության նամակը` կապված Հայոց Ցեղասպանության հետ: Նման ակցիան, որն առաջացրել է ազգայնականների ցասումը, ովքեր դիտարկել են այդ քայլը` որպես ազգային դավաճանություն, համընկել է Հայաստան-Թուրքիայի երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների բարելավման գործընթացի հետ, որը կոչված է վերջ դնելու գրեթե 100 տարվա թշնամությանը երկու երկրների միջև:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մտավորականությունն ավելի վաղ էր նախաձեռնել այս գործունեությունը, որի ընթացքում նրանք հավաքում էին այն անձանց ստորագրությունները, ովքեր ցանկանում էին ներողություն խնդրել «հայ եղբայրներից և քույրերից» 1915թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության համար:

Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է վերոնշյալ քարոզարաշվի կազմակերպիչներից մեկը, նշել է, որ այսօր մտավորականների խումբը պատրաստվում է ներողության նամակը զետեղել կայքում, և ցանկացողները կարող են թողնել իրենց ստորագրությունները:

Նամակում ասվելու է «Իմ խիղճը չի ընդունում այն Մեծ ողբերգության, որին ենթարկվել են հայերը Օսմանյան կայսրության ժամանակ` 1915թ, նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը կամ հերքումը: Ես հրաժարվում եմ այս անարդարությունից և ցավում եմ իմ հայ եղբայրների համար: Ես ներողություն եմ խնդրում»:

Նշենք, որ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ևս հետապնդվել է Թուրքիայում` 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն որակելու համար: Կան մտավախություններ, որ վերոնշյալ ներողությունը կարող է իրարամերժ կարծիքների բախումներ հրահրել, ինչը կարող է խարխլել ժամանակակից Թուրքիայի գաղափարական հիմքերից մեկը: Պրոֆեսոր Աքթարը նշել է, որ վերոնշյալ նախաձեռնությունը նպատակաուղղված է նրան, որ յուրաքանչյուր թուրք հնարավորություն ունենա հայտնել իր անձնական ներողությունը և վերջ դնել պաշտոնական լռությանը:

«Այս ամենն ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Սա անձնական բնույթ կրող ներողություն է: Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել, ցանկանում ենք ասել մեր հայ եղբայրներին և քույրերին, որ չենք կարողացել քննարկել այդ հարցը գրեթե 100 տարի»,- մեջբերել է նրա խոսքերը Reuters գործակալությունը:
Պրոֆեսորը նշել է, որ ակցիային մասնակցում է 200 գրող, մտավորական և ակադեմիկոս: Նամակի տակ իրենց ստորագրություններն են զետեղել Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Սեմ Օզդեմիրը, լրագրողներ Իս Թեմելկուրանը, Մայն Կիրիկանատը, Օրալ Ջալիսլարը և այլք։