ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխայի պաշտպանությունը ընտանիքի պաշտպանվածության մեջ է
ՀՀ Ազգային ժողովը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին «Երեխայի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ։
ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեցին, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիային: Սրանից բացի Հայաստանը միացել է մի շարք այլ կոնվենցիաների, ընդունել «Երեխաների իրավունքների մասին» օրենք, երեխաներին եւ նրանց իրավունքներին առնչվող այլ օրենքներ ընդունել, հաստատել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը, ստեղծել երեխաների պաշտպանության ազգային խորհուրդ, միայն ՀՀ ոստիկանությունում 250 աշխատակից է ներգրավված անչափահասների հետ աշխատանքների ստորաբաժանման կազմում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանին մերոնց ասաց, որ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը լավագույն գործիքն է:
Իսկ մերոնք ներկայացրեցին նաեւ խնդիրները: Մանկական եւ մայրական մահացածության մակարդակով ԱՊՀ-ում վատ դիրքեր չունենք, իսկ ահա եվրոպական երկրներից բավականին հետ ենք, նվազել է երեխաների թիվը, 0-5 տարեկան երեխաների թիվը կրճատվել է երկու անգամ, ազգը ծերանում է, 0-5 տարեկան երեխաների 54 տոկոսը ապրում է աղքատ ընտանիքներում, երեխաների 13 տոկոսը աճի մակարդակով հետ է իր հասակակիցներից, երեխաների 37 տոկոսը սակավարյունություն ունի, բոլոր պատրաստումները ստացած երեխաների թիվը փոքր է: Բարեբախտաբար երեխաների շրջանում թմրամոլությունը օրակարգի հարց չէ, մեկ տարում ընդամենը հինգ նման դեպք է արձանագրվել, սակայն դեռ լուրջ հարց է մուրացկան երեխաների խնդիրը. 1997 թվականին կար նման 300, իսկ այսօր` 26 երեխա: Նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը` 1997-ի 741 հանցագործության դիմաց այս տարվա առաջին տաս ամիսներին` 378 հանցագործություն: Ոստիկանության ներկայացուցիչ գնդապետ Նելլի Դուրյանը այս առթիվ նկատեց, որ ծնողները զլանում են կամ չեն կարողանում հետեւել երեխային: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանը նկատեցին, որ շատ դեպքերում ունենք լավ օրենք եւ վատ կենսագործում կամ վատ իրավակիրառ պրակտիկա: ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը առաջարկեց երեխաների իրավունքների պաշտպանության հարցւ դիտել նրա ընտանիքի պաշտպանվածության համատեքստում։
