Դասընթաց ոստիկանների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2008թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հյուրընկալեց միջոցառում, որի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն մոտ 90.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ հատկացրեց UMCOR-ի հայաստանյան գրասենյակին` Մարդկանց առևտրի (թրաֆիկինգի) դեմ իրավապահ մարմինների պայքարի հզորացում նախագծի իրականացման համար: Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստանի ոստիկանության քննչական վարչության աշխատակիցների կարողությունները` արդյունավետորեն բացահայտելու և վարելու մարդկանց առևտրի դեպքերը, ինչպես նաև միջազգային նորմերին համապատասխան ձևով աշխատելու զոհերի հետ:

Այս միջոցառմամբ դեսպան Յովանովիչը շեշտեց ՄԱԿ-ի նախաձեռնած գենդերային բռնությունների դեմ ուղղված համաշխարհային 16-օրյա քարոզարշավի կարևորությունը, որը մեկնարկել է նոյեմբերի 25-ից` կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրից և տևելու է մինչև դեկտեմբերի 10-ը` մարդու իրավունքների միջազգային օրը: Հայաստանում թրաֆիքինգից հիմնականում տուժում են կանայք, ովքեր ենթարկվում են սեռական շահագործման, և այս դրամաշնորհը ևս մի փորձ է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի և այլ պետությունների կանանց ժամանակակից այս ստրկությունից պաշտպանելու գործում:

Ծրագրի շրջանակներում UMCOR կազմակերպությունը քննչական վարչության կենտրոնական և մարզային բաժանմունքների աշխատակիցների համար կազմակերպելու է դասընթացներ` թրաֆիկինգից տուժած անձանց նույնականացման և թրաֆիկինգին վերաբերվող գործերի քննության վերաբերյալ: Այդ դասընթացները կօգնեն ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցներին թրաֆիկինգի հանցանքի համար համապատասխան մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաև թրաֆիկինգից տուժած անձանց մասնագիտորեն նույնականացնելու գործում իրավապահ գործողությունների բոլոր փուլերի ժամանակ: Նախագծի ավարտին ՀՀ ոստիկանության քննչական վարչության կենտրոնական և մարզային բաժանմունքների 50 աշխատակից ձեռք կբերեն գիտելիքներ մարդկանց շահագործման իրավական սահմանումների, այս ոլորտին վերաբերող միջազգային, ՄԱԿ-ի և տարածքային փաստաթղթերի, ինչպես նաև զոհերի նույնականացման և հետագա պաշտպանության վերաբերյալ: ՀՀ Ոստիկանության 15 սպա, որոնք արդեն անցել են վերը նշված դասընթացները անցյալ տարի կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին`թրաֆիկինգի ոլորտում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: