Թրաֆիքինգ կա, պոռնոբիզնես՝ ոչ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Հունան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանում պոռնոբիզնես չկա՝ բայց նաեւ նկատել է, որ իրենք չեն կարող կանխատեսել, որ պոռնոբիզնես չի էլ լինի։

Պոռնոբիզնես ասելով՝ նա նկատի է ունեցել ցանցային մարմնավաճառության դեպքերը։ Վարչության պետը նշել ՝է սակայն, որ հարկավոր է շարունակել աշխատանքներն ու կանխարգելիչ միջոցառումները։
Այս տարի ոստիկանությունը հայտնաբերել է մարմնավաճառությամբ զբաղվող «որջեր», եւ այս ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները։ Բանախոսը ասել է նաեւ, որ հայրենի ոստիկանները չեն օգտվում մարմնավաճառների ծառայություններից։
Մարդկանց վաճառքի՝ թրաֆիքինգի համար կա երեք տիպի երկիր՝ սկզբնաղբյուր, տարանցիկ և նպատակային։ Ըստ Հունան Պողոսյանի Հայաստանը հիմնականում սկզբնաղբյուր երկիր է, այսինքն՝ այստեղից են գնում այլ երկրներ մարմնավաճառությամբ զբաղվելու։ Սակայն, ըստ Հունան Պողոսյանի, ի տարբերություն այլ սկզբնաղբյուր երկրների, Հայաստանում կանանց և աղջիկների հավաքագրումը բռնությամբ չի լինում, այլ, հավանաբար, սեփական կամքով։ Փոխարենը, մերոնք բռնությունների են ենթարկվում նպատակային երկրներում, որտեղ մեկնել են մարմնավաճառությամբ զբաղվելու։ Ինչպես հայտնի է, հայերի համար ամենանպաստավոր երկրները Թուրքիան և Արաբական էմիրություններն են։

Հունան Պողոսյանը տեղեկացրել է, որ մարմնավաճառությամբ զբաղվելու համար այս տարի Հայաստան եկած մեկ անձ է հայտնաբերվել, այսինքն՝ մեկ դեպքում Հայաստանն է եղել նպատակակետ երկիր։
Վարչության պետը նաև հայտնել է, որ երեխաների վաճառքի դեպքեր այս տարի չեն գրանցվել։

Հունան Պողոսյանը նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարը յուրատեսակ մոտեցում է պահանջում։ Առաջնային է, ըստ նրա, թրաֆիկինգի զոհերին աջակցություն ցուցաբերելը։ Ըստ ԿԴՀՊ վարչության պետի, այս տարվա 10 ամիսներին թրաֆիկինգի 20 զոհերի օգնություն է ցուցաբերվել «Հույս և օգնություն» ու «Ամքոր» ընկերությունների կողմից։ Այս տարվա 10 ամսիներին, գնդապետի խոսքով, թրաֆիկնգի 10 դեպք է գրանցվել, որոնցից 8–ը բացահայտվել է։ Վերը նշված 10 հանցագործություններից 1–ը աշխատանքային, մյուս 9–ը՝ սեռական շահագործման դեպքեր են եղել։
Մարմնավաճառությամբ զբաղվելը Հայաստանում զանցանք՝ իրավախախտում է համարվում, ինչի համար, ոստիկանության գնդապետ Պողոսյանի խոսքով, վարչական պատասխանատվություն է ենթադրվում։ Այս տարվա ստուգայցների ընթացքում ոստիկանության նշված վարչությունը մարմնավաճառության համար 357 անձի վարչական պատասխանատվության է ենթարկել։ Ի դեպ, 357 անձանցից 110–ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ։

Թմրամիջոցների օգտագործման և շրջանառության հետ կապված ոստիկանությունն այս տարի 614 դեպք է հայտնաբերել, քրական պատասխանատվության են ենթարկվել 315 անձինք, որոնցից 11–ը կին, 7–ը անչափահաս, 7–ը՝ օտարերկրացի։
Մտավոր սեփականության և հեղինակային ու հարակից իրավունքների խախտման դեպքերի առթիվ ընթացիկ տարվա 10 ամիսներին պատրաստվել է 26 նյութ, որոնցից 23–ով քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանության գնդապետի ներկայացմամբ, հարուցված քրեական գործերը վերաբերել են հեղինակային և հարակից իրավունքների խախտմանը, խարդախությանը, կեղծ արտոնագրերով խմիչքների արտադրությանը, պոռնոգրական նյութերի ու կեղծ դեղերի պատրաստմանն ու տարածմանը։