ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հաշմանդամների միջազգային օրն է
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օր հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1992թ-ին։ 2007թ-ի մարտի 30-ին Նյու Յորքում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեց աշխարհի 81 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։ Կոնվենցիան ներառում է 50 հոդված, որոնք ուղղված են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը, աշխատանքի, առողջապահության, կրթության և հասարակության կյանքին լիարժեք մասնակցության իրավունքների ապահովմանը, արդարադատության մատչելիությանը, անձնական անձեռնմխելիությանը, չարաշահումներից և շահագործումից ազատմանը, ազատ տեղաշարժմանը, անհատական շարժունակությանը և այլն։ Հայաստանում գրանցված է 150 հազար հաշմանդամ:
Օրվա առթիվ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստացել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի նորոգման ընթացքում այն դարձնել ավելի հարմարավետ և մատչելի հաշմանդամների համար: Պան Գի Մունը նշել է, որ այս տարի ՄԱԿ-ը շատ բաների է հասել սահմանափակ հնարավորություններով մարդկանց աջակցելու ոլորտում։ Այս առնչությամբ ամենագլխավոր իրադարձություններից մեկը նա անվանել է մայիսին ընդունված Հաշմանդամների իրավունքների մասին համաձայնագիրը։ Սեպտեմբերին, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելիս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ին է փոխանցել Ռուսաստանի՝ այդ համաձայնագրին միանալու մասին փաստաթղթերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է անդամ-պետություններին, որ Համաշխարհային կազմակերպությունը միշտ հետամուտ է լինելու հաշմանդամների իրավունքների ապահովման գաղափարին՝ առաջին հերթին պետությունների համար կենսական բոլոր ոլորտներում (քաղաքական, տնտեսական սոցիալական և այլն) նրանց ակտիվ ներգրավման միջոցով
«Ես խստորեն կոչ եմ անում կառավարություններին և բոլոր շահագրգիռ կողմերին հասնել նրան, որ հաշմանդամներն ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները դառնան զարգացման բոլոր գործընթացների անբաժանելի բաղկացուցիչ», -ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Միաժամանակ նա նշել է, որ հաշմանդամների խնդիրների լուծմանը խոչընդոտում է այն փաստը, որ նրանց ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը կամ 400 մլն մարդ, բնակվում են աղքատ երկրներում։ «Մենք պետք է գործենք ավելի ակտիվ, որպեսզի վերացնենք աղքատության և հաշմանդամության արատավոր շրջանը», - նշել է գլխավոր քարտուղարը:
Նա նաև խոստացել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար առավելագույնս հարմարավետ դարձնել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, որտեղ այս տարի 5 տարի ժամկետով հիմնանորոգում է սկսվել։ «Երբ Կենտրոնական հաստատությունների համալիրում հիմնանորոգման գլխավոր ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ավարտվեն, այն զինված կլինի ամենաժամանակակից պահանջներին համապատասխանող տեխնիկայով, ինչը վերաբերում է շենքի տարածքի և դրա սահմաններում մատչելիության ապահովմանը։ Այս ամենի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել»:
