«Ցեղասպանությունն՝ առանց մեկնաբանության» ֆիլմի խնդիրները

Ռեժիսոր Կարեն Գևորգյանը անցած տարի օգոստոսին ավարտին հասցրեց ցեղասպանության մասին իր վավերագրական ֆիլմը, որը մինչև այսօր միայն մեկ անգամ է ցուցադրվել՝ նոյեմբերի 17-ին Մոսկվայի տանը:

«Ցեղասպանությունն՝ առանց մեկնաբանության» ֆիլմի հիմքում բացառապես Գերմանիայի արտգործնախարարության արխիվների փաստաթղթերն են հայոց ցեղասպանության մասին, որոնք միայն վերջին տարիներին են բացվել մասնագետների համար: Ֆիլմի հերոսը գերմանացի Վոլֆգանգ Գուստն է, ով բացահայտել է ցեղապանությանը վերաբերող փաստագրական նյութերն ու անգամ գիրք գրել այդ մասին: Վավերագրության հեղինակները որևէ մեկնաբանություն չեն ավելացրել, փոխարենը մոտ 2 ժամ տևողությամբ ժապավենի վրա վերարտադրել են Գուստի պատմությունն ու բացատրությունները պատմական մինչև այժմ անհայտ փաստերի մասին:
Այդուհանդերձ, ցեղասպանության մասին փաստերով խոսող այս ֆիլմը դեռ չի կարողանում ճանապարհ հարթել դեպի մեծ էկրան: Հեղինակների խոսքով նկարահանվել է հասարակական հիմունքներով և հիմա էլ որևէ աջակցություն դեռ չի կարողանում ստանալ:

Դիմել են տեղական ու միջազգային տարբեր գերատեսչությունների՝ մշակույթի նախարարությունից մինչև Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակ, տարբեր հիմնադրամներ, գերմանական հեռուստաընկերություններ, բայց որևէ պատասխան կամ աջակցություն չեն ստացել ֆիլմը ցուցադրելու և լայն հասարակությանը ու հատկապես արտերկրի հանդիսատեսին ներկայացնոլու համար, քանի որ ռեժիսորի համոզմամբ վավերագրական այս ֆիլմի գլխավոր հասցեատերը հայերը չեն:

Կարեն Գևորգյանն ու ֆիլմի համառեժիսոր Գագիկ Հարությունյանը կեղծանուններով են հանդես եկել՝ որպես Ալեքսանդր Սարդուրի և Վարդան Պապ, որպեսզի սահմաններ հատելիս և հատկապես Թուրքիա մուտք գործելիս խնդիրներ չունենան։