ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր թրաֆիքինգի 27 միլիոն զոհ կա
Այսօր մարդկանց ստրկության, դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Ժողովրդավարական կառավարման ծրագրի ղեկավար Ալլա Բակունցը ներկայացրել է ՄԱԿ–ի ունեցած տվյալները, ըստ որոնց, աշխարհում 27 մլն թրաֆիքինգի զոհ կա, այդ թվում և երեխաներ, և մեծահասակներ:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգի խոսքով, մարդկանց թրաֆիքինգը համարվում է ստրկության ժամանակակից տեսակ և աճող հիմնախնդիր, որը ներառում է զոհերի ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործումը: Մարդկանց թրաֆիքինգը նոր երևույթ չէ, և նրա աճը վերջին տասնամյակում, ցավոք, վտանգավոր չափերի է հասել և շարունակում է զարգանալ, հայտարարել է Բոբերգը:
ՄԱԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն, ամեն տարի 700-900 հազար մարդ ընկնում է թրաֆիքինգի ճիրանները: Բացի այդ, մասնագետի հավաստմամբ, գլոբալիզացիայի բացասական կողմերից մեկն էլ դա է, որը գոյություն ունի 127 երկրներում ու դարձել է խիստ շահութաբեր բիզնես: Սա աշխարհում ոչ միայն երկրորդ շահութաբեր բիզնեսն է թմրադեղերի առք ու վաճառքից հետո, այլև` ամենարագ աճողը:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց, ընտանիքի և երեխաների հարցերի վարչության, կանանց հարցերի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանի խոսքով, կառավարությունը, մասնավորապես նախարարությունը, թրաֆիքինգը կանխելու համար մի շարք քայլեր է մշակել: Առաջին քայլը կառավարության կողմից թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման մեխանիզմների կարգի մշակումն է, որը ներկայացվել է կառավարություն և արդեն սահմանված են պատասխանատու գերատեսչություններն ու այն հասարակական կազմակերպությունները, որոնք կարող են աջակցել այս հարցում:
Բացի այդ, պետբյուջեից գումար է հատկացվելու, որով նախատեսում է թրաֆիքինգի զոհերին ապահովել կացարաններով ու սոցիալական ու հոգեբանական անհրաժեշտ օգնությամբ։
