ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծխելու վնասների մասին ոչ բոլորն են իրազեկում
Հայաստանում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի կիրառման դիտարկման տվյալներով, հաստատությունների 96 տոկոսը ծխախոտի հասցրած վնասի մասին շենքերից դուրս փակցված հայտարարություններ չունեն, հայտարարել է «Հայաստանն առանց ծխախոտի» բլոկի համակարգող Նարինե Մովսիսյանը։
Դիտարկումն անցկացվել է 2008 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի 4 քաղաքներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի, «Հայաստանն առանց ծխախոտի» բլոկի և հանրապետության այլ հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։ Դիտարկման անցկացմանը սատարել է նաև Աջակցության հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը։
Իր հերթին Գորիսի երիտասարդական միության Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ դիտարկման շրջանակներում հետազոտվել են 256 պետական, մշակութային, կրթական և առողջապահական հաստատություններ, որոնցից 91 (35,5 տոկոսը)՝ Երևանում, 75 (29,3 տոկոսը)՝ Գյումրիում, 60 (23,5 տոկոսը)՝ Վանաձորում և 30 (11,7 տոկոսը)՝ Գորիսում։
«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Կարապետյանը պարզաբանեց, որ հետազոտված հաստատությունների 45,3 տոկոսը կրթական են, 27,7 տոկոսը՝ բժշկական, 17,6 տոկոսը՝ պետական և 9,4 տոկոսը՝ մշակութային։
Ինչպես նշեց Կարապետյանը, չնայած առողջապահական 45 տոկոս հաստատությունները արտաքինից հայտարարություններ չեն ունեցել, դրանք շենքերի ներսում, այնուամենայնիվ, եղել են։
Ինչ վերաբերում է մշակութային ու կրթական հաստատություններին, ապա ծխելու հասցրած վնասի մասին հայտարարություններ փակցված են 30 տոկոսի դեպքում, իսկ պետական հաստատություններում դա պատահում է 25 տոկոսի դեպքում։
Գորիսում ծխելու հասցրած վնասի մասին հայտարարությունների ամենափոքր ցուցանիշն է նկատվել։ Մասնավորապես, նման հայտարարություններ փակցված են հետազոտվող 28 հաստատություններից երկուսում (7 տոկոս)։ Վանաձորում, Երևանում և Գյումրիում տվյալ ցուցանիշը միջինը 35-40 տոկոս է կազմել:
