ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հավաքվել 35 միլիոն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, ոքր «Իմ տուն Հայաստան» կարգախոսով, նոյեմբերի 27-ին լոս Անջելեսում անցկացված ամենամյա հեռուստամարաթոնը, որ կազմակերպվում է Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակության շրջանակում, հավաքել է աննախադեպ մեծ ծավալի գումար` 35 միլիոն դոլար: Նվիրատվությունների եւ նվիրատվությունների մասին խոստումների այդ ծավալը աննախադեպ է Հայաստան համահայկական հիմնադրամի պատմության ընթացքում անցկացված հեռուստամարաթոնների համար: Մինչեւ այդ հավաքված ամենամեծ գումարը եղել է կրկնակի պակաս, մոտ 15 միլիոն 275 հազար 436 դոլար: Այդ արդյունքը արձանագրվել էր նախորդ տարի անցկացված մարաթոնի ընթացքում:
Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես - շուրջ 1 300 000, Լիբանան - շուրջ 200 000, Մոնրեալ - շուրջ 130 000, Արգենտինա - 100 000, Մեծ Բրիտանիա - 200 000, Հոլանդիա - 40 000, Ավստրալիա - 50 000, Նյու Յորք - 200 000, Ֆրանսիա - շուրջ 1 500 000, Գերմանիա - 85 000, Շվեյցարիա - շուրջ 33 000, Տորոնտո 250 000, Հունաստան եւ Կիպրոս - շուրջ 40 000:
Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն:
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի աճ է գրանցվել: Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են Վիվասել ՄՏՍ-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը։
