ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլավորներին էլի են խանգարել
Նոյեմբերի 26–ից Եռաբլուրում բողոքի ցույց՝ հացադուլ անցկացնող մի խումբ ազատամարտիկների և ցուցարարների ակցիան այսօր առավոտյան ևս ոստիկանները ցրել են։
Բողոքի ակցիայի մասնակից Մերուժան Հարությունյանը պատմել է, որ առավոտյան ժամը 10–ին Շահումյանի շրջանի 25–30 ոստիկաններ մեքենաներով գնացել են Եռաբլուր, ցուցարարներին ստիպողաբար իջեցրել Եռաբլուրի բարձունքից ներքև, բլուր բարձրացող ճանապարհները փակել և ցուցարարներին հորդորել վերև չբարձրանալ։
Ոստիկանները, ըստ մասնակցի, իրենց ասել են, որ հրաման ունեն արգելելու Եռաբլուրում անցկացվող ակցիան։
Ցուցարարները զանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն պաշտպանի գրասենյակից եկած ներկայացուցիչը, ի տարբերություն նախորդ օրերի, ոչ մի դրական բան չի կարողացել անել՝ զրուցել է ոստիկանների հետ և գնացել։ Ցուցարարները ստիպված են եղել ինքնուրույն բանակցել ոստիկանների հետ, բայց էական արդյունքների չեն հասել։
Մերուժան Հարությունյանը տեղեկացրել է, որ վաղը ժամը 13–ին իրենք ավարտելու են իրենց բողոքի ակցիան, բայց չի բացառվում, որ նորից վերսկսեն։
Հիշեցնենք, որ մոտ 3 օր բողոքի ակցիա կազմակերպած մարդիկ պահանջում են ոչ մի թիզ հող չզիջել Ադրբեջանին, Արցախը ճանաչել Հայաստանի մաս և ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնցից շատերը, վերջիններիս հավաստմամբ, իրենց ազատամարտիկ ընկերներն են։
