ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հին Ջուղայի հարցը ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցը, այսօր Երեւանում հայտարարել է պատմաբան, հայ ճարտարապետության հայտնի մասնագետ Սամվել Կարապետյանը։
Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատունն այլևս գոյություն չունի և վերածվել է ադրբեջանական ռազմականյանի։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման մասին հայցը, և դատն ընթանում է արդեն շուրջ երկու ամիս: Հայցը ներկայացվել է Ֆրանսիայում գրանցված Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից: Այս կառույցն իր մեջ է ներառում Ֆրանսիայում գործող հայկական մի քանի հասարակական կազմակերպություններ: Գործի հետ կապված բոլոր փաստերն ու վավերագիր ապացույցները հավաքվել և ներկայացվել են «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» կողմից», հայտարարել է պատմաբան Սամվել Կարապետյանը։
Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ. դեկտեմբերին:
Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին հողի տակ, մյուսները ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։
