ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանդիպում ՄԻԵԴ դատավորների հետ
Այսօր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սլովակիան ներկայացնող դատավոր Յան Սիկուտային, նույն դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանին: ՀՀ Վճաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Վճռաբեկ դատարանի դատավորներ՝ Հովհաննես Ղուկասյանը, Սամվել Օհանյանը, Երվանդ Խունդկարյանը։
Արման Մկրտումյանը խոսել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իրականացվելիք ծրագրի մասին, որն ուղղված է դատական համակարգն առավել անկախ, թափանցիկ և ողջ հասարակության համար հասկանալի ու մատչելի դարձնելուն։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը խոսել է մի շարք հիմնախնդիրներից՝ կապված Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթների համատեքստում ազգային դատարանների կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանքի վերանայման հնարավորության հետ։
Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սլովակիան ներկայացնող դատավոր Յան Սիկուտան հակիրճ ներկայացրել են վերոհիշյալ հարցերը կարգավորող Սլովակիայի օրենսդրության համապատասխան դրույթները, հիշատակեց մի շարք նախադեպեր Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանի դատական պրակտիկայից և պատրաստակամություն հայտնեց հետագայում առավել հանգամանալից անդրադառնալ առաջ քաշված հիմնախնդիրներին՝ վերջիններիս վերաբերյալ գրավոր հարցադրումներն իրեն տրամադրելու դեպքում։
