Իրավախախտումների վիճակը Գեղարքունիքի մարզում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ օմբուդսմենի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ա. Ավետիսյանը, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների վերականգնման խմբի ղեկավար Տ. Մարտիրոսյանը, նույն խմբի մասնագետ Վ. Բաղդասարյանը եւ արագ արձագանքման հարցերով պատասխանատու Ա. Մաշինյանը, նոյեմբերի 13-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզ եւ հանդիպել են Սեւանի քաղաքապետ Գ. Մալխասյանին, այցելել մարզում տեղակայված ՀՀ ՊՆ երկու ՀՕՊ հանգույցներ, ՀՀ ՊՆ ՌՈ կարգապահական գումարտակ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժին:

Սեւանի քաղաքապետարանում պարզվել է, որ բազմաթիվ բողոքներ կան սոցիալապես անապահով խավից, որոնք հիմնականում բողոքում են այն հանգամանքից, որ կենսաթոշակի բարձրացման կամ երկու ամիս աշխատելու արդյունքում զրկվել են նպաստներից, որն ավելի բարձր էր քան բարձրացված կենսաթոշակի չափը: Այդուհանդերձ քաղաքապետարանը հնարավորության սահմաններում օժանդակում է սոցիալապես անապահով մարդկանց խնդիրները մեղմելուն: Սեւանի քաղաքապետը հայտնել է, որ բնակչությունից ստանում են բողոքներ՝ կապված գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման հետ: Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ օրինական հատկացված հողամասերին կից ունեն ինքնակամ զբաղեցրած հողամասեր, որոնք ներկայումս խոչընդոտում են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ ստանալու համար: Նշված խնդիրն առաջացել է այն պատճառով, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի փաստացի օգտագործման դեպքում չի ճանաչվել նրանց սեփականության իրավունքը, իսկ նշված չափից ավելի հողամաuի առկայության դեպքում ավել հողամաuը ուղղակի վաճառքի կարգով չի oտարվել փաuտացի oգտագործողին:

ՀՀ վերահսկիչ պալատը 2008թ. ընթացքում ստուգումներ է անցկացրել Սեւանի քաղաքապետարանում եւ արձանագրել մի շարք խախտումներ, որոնց հետ քաղաքապետարանը համաձայն չէ: Մասնավորապես, քաղաքապետարանը համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը լիցենզավորված գնահատողի կողմից գնահատել եւ ավագանու որոշմամբ աճուրդով օտարել է: Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ գնահատված արժեքը ցածր է եղել կադաստրային արժեքից: Սակայն ինչպես նշել է քաղաքապետը գույքի արժեքի որոշումը բացառապես համայնքի իրավասությանն է պատկանում և նման արձանագրություն կազմելն ուղղակի աբսուրդ է: Այդ կապակցությամբ քաղաքապետարանն առարկություններ է ներկայացրել ՀՀ վերահսկիչ պալատ և կառավարություն:

Սեւանա լճի ափամերձ հողատարածքները սեփականության/օգտագործման իրավունքի գրանցման վկայականով արդեն իսկ պատկանում են Սեւան համայնքին, ափամերձ տարածքները վարձակալության է տրամադրում «Սևան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպությունը, որից ծագող իրավունքները կադաստրի համապատասխան ստորաբաժանումը ենթարկում է պետական գրանցման, ինչը չի բխում օրենսդրության պահանջներից: Վարձավճարներից ստացվող գումարների մի մասը ՊՈԱԿ-ը վճարում է պետբյուջե, իսկ մնացած մասն ինքն է տնօրինում: Բացի դրանից, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքների նկատմամբ կարող է կառուցապատման պայմանագիր կնքվել այն դեպքում, երբ այդ տարածքները բարձր են 1908 նիշից, իսկ դրանից ցածր տարածքների նկատմամբ կարող է կնքվել վարձակալության պայմանագրեր: Սակայն ՊՈԱԿ-ը հաշվի չառնելով այդ հանգամանքը կառուցապատման պայմանագրեր է կնքում նաև այդ նիշից ցածր տարածքների նկատմամբ, որը հետագայում բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում: «Սևան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից հայտարարված կառուցապատման իրավունքի մրցույթի հաղթողներն առանց քաղաքապետարանի հետ նախագծային փաստաթղթեր համաձայնեցնելու, ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն ստանալու ձեռնամուխ են լինում ինքնակամ շինարարությանը: Սևանա լճի ափամերձ տարածքում կան մոտ 400 ինքնակամ կառույցներ, որոնց հետագա ճակատագրի որոշման կապակցությամբ քաղաքապետարանը բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանը, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել: Կառավարությունը փորձելով պաշտպանել Սևան համայնքի սահմանադրական իրավունքը՝ որոշում է կայացրել, որով պարտավորեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպությանը հողատարածքներից ստացվող վարձավճարների 30 տոկոսը փոխանցել Սևանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը այդ հանգամանքը հաշվի առնելով կազմել է իր տարեկան բյուջեն, սակայն գումարները մինչ օրս չփոխանցվելու հետևանքով առաջացել է դիֆիցիտ:

Հակաօդային պաշտպանության հրամանատարների ուղեկցությամբ օմբուդսմենի ներկայացուցիչները շրջել են զորամասի տարածքով, այցելել զորանոցներ, ճաշարան, ծանոթացել զորամասի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին եւ արձանագրել, որ ճաշարանի եւ լվացվելու համար հատկացված տարածքների շենքային պայմանները գտնվում էին ծայրաստիճան վատ՝ հակասանիտարական վիճակում եւ ծառայության բավարար պայմաններ ապահովելու համար միակ հնարավոր միջոցը՝ նշված շինությունների հիմնովին վերանորոգումն էր: Զինծառայողները հիմնականում դժգոհություններ եւ գանգատներ չեն ներկայացրել զինվորական ծառայության պայմանների վերաբերյալ՝ բացառությամբ ճաշարանի եւ լվացարանների, ինչպես նաև մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողներ դժգոհություն են հայտնել իրենց արձակուրդի տրամադրումը մերժելու մասին: Թերեւս զորամասի տարածքում առկա էր մատուռ, սակայն ինչպես նշել են զինծառայողները հայ առաքելական եկեղեցու որևէ ներկայացուցիչ դեռևվս իրենց չի այցելել: Համապատասխան ձևով հագեցված չէր իրավական անկյունը: Պաշտպանի ներկայացուցիչներն առաջարկել են համալրել իրավական անկյունը եւ այնտեղ տեղեկություններ զետեղել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին՝ նշելով Պաշտպանի աշխատակազմի հեռախոսահամարները և հասցեն:

«Սևան» ՔԿՀ-ում առաջնային խնդիրը ջրամատակարարումն է, քանի որ ջրի խողովակները արդեն շատ հին են եւ վնասված, որոնք անցնում են մոտակայքում գտնվող սարերի միջով եւ դրանց վերանորոգումը կապված է մեծ գումարների հետ: Վերանորոգման ընթացքում են գտնվում պատժախցերը, իսկ ճաշարանը վերանորոգվել է ամբողջությամբ, պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ճաշարան եւ արձանագրել, որ կատարված են համապատասխան վերանորոգման աշխատանքները: Սակայն ՔԿՀ ղեկավարությունը հայտնել է, որ վերանորոգված խցերը և ճաշարանը մոտ մեկ տարուց կրկին գտնվելու են նույն վիճակում, քանի որ շենքը և շենքի գույքը շատ հին են և վերանորոգումներն էլ արդեն օգուտ չեն տալիս:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են դատապարտյալների հետ, որոնք մասնավորապես դժգոհում էին անկախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումներից, որոնց բացատրվել է իրենց իրավունքները՝ կապված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշման բողոքարկման հետ: