Հացադուլ ընդդեմ ԵԽ–ի

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Կարապետ Ռուբինյանի եւ այլոց նախաձեռնած ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն տեղեկացնում է, որ ութ ամսից ավելի բանտերում պահվող քաղբանտարկյալները. նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես «ԵԽ երկդիմության ու անհետևողականության դեմ բողոքի նշան»։

«Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ բանտում ոչ մի վայրկյան չեն դադարում իրենց հերոսական պայքարը հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի, մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներս, նույնպես ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը 00:00-ից հայտարարում ենք 24 ժամյա հացադուլ», ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Վարդան Հարությունյանը, Գայանե Մարտիրոսյանը, Տիգրան Խզմալյան, Մեսրոպ Մեսրոպյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Նորայր Նորիկյանը եւ Արշավիր Բոզինյանը։