ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողին ծեծելու գործը շուտով կբացահայտվի՞
ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, Աշոտ Միրիջանյանը այսօր հայտարարել է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատամաբ կիրառված բռնությունը ոստիկանապետի կողմից վերցվել է անմիջական հսկողության տակ, կազմվել է փորձագետ մասնագետներից բաղկացած օպերատիվ խումբ` հանցագործությունը շուտափույթ բացահայտելու համար:
Աշոտ Միրիջանյանը տեղեկացրել է, որ դեպքի վայրում պատահաբար այդ ժամանակ գտնվել է ոստիկանության երիտասարդ մի աշխատող, ով իր գազային ատրճանակով օդ է կրակել` կանխելով բռնարարքի շարունակությունը: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանը գնացել ոչ թե հանցագործների հետևից, այլ տուժածի, Միրիջանյանը պատասխանել է. «Եթե մի մարդ չի իմանում` ինչը ինչոց է ու մութ է եղել, ինչպե՞ս իմանար ով է հանցագործ, ով` տուժած»։
Աշոտ Միրիջանյանը կասկած անգամ չունի, որ իրենց ակտիվ գործողությունների հետևանքով հանցագործները կբռնվեն: Բանախոսը բռնություն գործադրողներին նաև որակում է ճղճիմ մարդիկ, ովքեր կարող են փողոցում բռնել ժուռնալիստի ու ծեծել:
Աշոտ Միրիջանյանը վստահություն է հայտնել, որ գործը շուտով կբացահայտվի: Թե ինչու է վստահ` լրագրողների հարցադրմանը նա պատասխանել է` կանխազգում է:
