Նախագահականը հրավիրում է կուսակցություններին

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը բոլոր կուսակցությունների ղեկավարներին՝ այդ թվում նաև ընդդիմադիրներին, հրավերներ է ուղարկել՝ մասնակցելու ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին քննարկմանը։Նախագահականը մտադիր է նման հավաք նախաձեռնել նոյեմբերի 20-ին։

Լեւոն Տեր–Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նման հրավեր չեն ստացել, քանի որ նրանք կուսակցությունների ղեկավարներ չեն։ Մի շարք կուսակցություններ միավորող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարել է, որ որեւէ կուսակցություն դեռ չի հայտարարել ընդունելու է հրավերը, թե ոչ։ Հայ ազգային կոնգրեսը քննարկել է հանրհավաքները վերսկսելու հարցը և այս պահին հանրահավաքների վերսկսումը համարել է աննպատակահարմար, տեղեկացրել է Լեւոն Զուրաբյանը։ Հանրահավաքները դադարեցնելու ընդդիմության որոշումը արդարացրել է իրեն հենց գոնե նրանով, որ իշխանությունները խիստ անհանգստացած են իրենց այդ որոշմամբ, ասել է Զուրաբյանը։ Ընդդիմադիր գործչի խոսքով, իշխանական քարոզչամեքենաները անհանգիստ կերպով անընդհատ փորձում են ստանալ այն հարցի, պատասխանը, թե ընդդիմությունը երբ է վերսկսելու հանրահավաքները։