ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս.թ. նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը` դրանով իսկ խախտելով կրակի դադարեցման ռեժիմի պահանջները: Մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների արդյունքում խումբը ետ է շպրտվել նախկին դիրքեր` կրելով կենդանի ուժի կորուստներ (ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր դիրքի մոտակայքում մնացել է մեկ սպանվածի դիակ):

Ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան, ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` միաժամանակ առաջարկելով անհապաղ ճգնաժամ-դիտարկում անցկացնել ԼՂՀ եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծի տվյալ հատվածում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է այն փաստը, որ ադրբեջանական կողմը ճեղքման տվյալ փորձը կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` ԼՂՀ այցի օրերին, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Նշելով, որ ընթացիկ տարում սա Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերի առաջին գրոհը չէ ԼՂՀ Զինված ուժերի առաջավոր դիրքերի վրա, նախարարությունը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բազմիցս միջնորդների ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղության անշրջելիության ապահովման համար միջազգային հանրության կողմից անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վրա:

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերը, որոնք, դժբախտաբար, միջազգային միջնորդների կողմից պատշաճ քաղաքական գնահատական չեն ստացել` նախարարությունը, շփման գծում լարվածության հնարավոր ուժգնացման պատասխանատվությունն ամբողջությամբ դնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

Տվյալ հարցի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտահայտող համապատասխան նոտա է ուղարկվել ԵԱՀԿ գործող նախագահին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

17 նոյեմբերի 2008