Բաց նամակ Թուրքիայի վարչապետին

Թուրքիայի հայ համայնքի մոտ 40 ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում բարձրաձայնել են իրենց բողոքները` ընդդեմ երկրի պաշտպանության նախարար Վեքդի Գյոնուլի, ով պաշտպանել է նախորդ դարի սկզբին տեղի ունեցած հույների և հայերի, իր խոսքերով, փոխատեղումը, Անատոլիայից: Բաց նամակում հայերի խումբը բնութագրել է նախարարի մեկնաբանությունները` որպես «էթնիկ զտման եւ հանցագործության գովեստի խոսք»:

Թուրքական աղբյուրների համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեքդի Գյոնուլը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին Բրյուսելի Թուրքիայի դեսպանատանը, նշել է. «Եթե հույները շարունակեին ապրել Թուրքիայի Էգեյան ծովին հարող տարածքներում, իսկ հայերը Թուրքիայի այլ մասերում, հետաքրքիր կլիներ իմանալ, արդյո՞ք այսօրվա մեր ազգ–պետությունն այսպիսին կլիներ»: Իր ելույթի ընթացքում նախարարը կարևորել է Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին դարի ընթացքում տեղի ունեցող բնակչության «փոխատեղմումը», ինչպես նաև ակնարկել է, որ Հայստանը աջակցում է անօրինական Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:

Հայ համայնքի ներկայացուցիչների նամակում ասվում է. «Գյոնուլի մեկնաբանությունները հակասում են Սահմանադրությանը, ըստ որի յուրաքանչյուր ոք, ով ունի Թուրքիայի Հանրապետության քաղաքացիության վկայական, թուրք է: Շատ դժվար է հասկանալ, որ եթե մենք խոսում ենք թուրք ազգի մասին, ինչու՞ հայերը և հույները (ոչ մահմեդականները) չեն կարող համարվել այս ազգի մի մասնիկ, իսկ քուրդները, արաբները և ալբանացիները կարող են: Ինչպե՞ս է այս մտածելակերպը, որն առաջ է քաշում կրոնական միասնությունը` որպես ազգի կայացման նախապայման, համապատասխանում ժամանակակից սահմանադրությանը»,- նշված է բաց նամակում։