Ոստիկանները անհասանելի են

2008 թ. նոյեմբերի 5–ին Պահպանողական Կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, որոնց թվում վերոհիշյալ բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Արշակ Մանթաշյանը։ Հերթական անգամ Հեքիմյանի բնակարան այցելելու պատրվակը հանդիսացել է Հեքիմյանին պատկանող ՎԱԶ 2121 սպիտակ գույնի Նիվա ավտոմեքենան։ Ոստիկանների ասելով, «ինչ-որ քրեական գործի շրջանակներում պետք է զննվեն Երևան քաղաքում առկա մոտ 200 սպիտակ Նիվա»։

Կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ա.Մանթաշյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հեքիմյանը պայմանավորվածություն է ձեռք բերել մեքենայի զննությունն անցկացնելու վերաբերյալ։ «Սակայն նոյեմբերի 6–ին, չնայած բազմաթիվ պայմանավորվածությունների, ոստիկանները այդպես էլ զննություն չկատարեցին, իսկ նույն օրվա ժամը 17–ից հետո ընդհանրապես անջատեցին բջջային հեռախոսները։ Չէին պատասխանում նաև քաղաքային հեռախոսահամարները։ Այս երևույթը հետաքրքրություն է առաջացնում մի շարք հանգամանքներով.

1. Երևանում Նիվա մակնիշի ավտոմեքենաների թիվը շատ ավելին է, քան 200-ը

2. Կարեն Հեքիմյանի բնակարանի մուտքում կա երեք սպիտակ գույնի Նիվա, սակայն ոստիկաններին հետաքրքրել է միայն մեկը»։

Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանը մարտի 1-ից հետո երկու անգամ՝ մարտի 26–ին և մայիսի 5-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ այդպես էլ չեն հիմնավորել նրան բերման ենթարկելու պատճառները։