Թուրքիայում խնդիրներ կան

Զարգացման և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլի Ռենը երեկ ասել է, որ խոսքի և մամուլի ազատությունների բարեփոխումների անցկացման գործընթացը Թուրքիայում պետք է առաջնակարգ խնդիրների շարքում դասվի։ «Թուրքական մամուլի ոլորտում տիրող բացասական մթնոլորտը լուրջ խնդիրների աղբյուր է դարձել։ Այստեղ պետք է անհապաղ բարեփոխումներ ձեռնարկվեն»,– ասել է Ռենը։

Իսկ Թուրքիայում մոտ ժամանակներս ազգային մեծ ժողովի օրակարգ կմտցվի «Ազգային արխիվի մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է Թուրքական արխիվներում պահվող պատմական փաստաթղթերի բնօրինակների պահպանության ռեժիմի խստացում։
www.ensonhaber.com կայքի համաձայն, վերը նշված օրինագիծը «օրինական զրահ» է «այսպես կոչված Հայոց ցեղասպանության գաղափարներից» պաշտպանվելու համար։ Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ է եղել արխիվների պահպանության ռեժիմի խստացմանը, որպեսզի «Թուրքիայի Հանրապետությունը կարողանա ավելի լավ պաշտպանվել Հայոց ցեղասպանության գաղափարներից և պաշտպանել սեփական իրավունքն աշխարհում»։ Աղբյուրի համաձայն, վերը նշված օրինագծով «օրինական զրահի մեջ են առնվում փաստաթղթերը», ինչը նպատակաուղղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրամիության որոշ երկրներում ընդունված, որոշ երկրներում ընդունման գործընթացում գտնվող, և ամեն տարի ԱՄՆ Սենատի օրակարգում ընդգրկվող օրինագծերի դեմ»։

«Ազգային արխիվի մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես, ծանր պատիժ է նախատեսում փաստաթղթերի գողության համար, ի դեպ, արխիվային են համարվում նաև փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։ «Ազգային արխիվի մասին» օրինագիծը նախատեսում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը, խորհրդարանը, Գլխավոր շտաբը, Ժանդարմերիան և Ազգային հետախուզական վարչությունը ազատվում են Արխիվների գլխավոր տնօրինությանը փաստաթղթեր ուղարկելու պատավորությունից, նշում է www.ensonhaber.com կայքը։