ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանցավորությունը աճել է
Մարտի 1-ի ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահը եւ անդամներից շատերը դժգոհում են, որ ոստիկանությունն այդքան էլ պատրաստակամ չէ իրենց հետ գործակցության հարցում: Այդ դժգոհություններին այսօր պատասխանել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության ղեկավար Սայաթ Շիրինյանը։ Նա ասել է, որ ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է հանձնաժողովի հետ գործակցության, եւ եթե գործակցության ընթացքում լինում են պահեր, շեղումներ, ապա իրենք պատրաստ են քննարկել դրա պատճառներն ու շտկել դրանք: Ոստիկանությունը չունի հանձնաժողովի հետ լիարժեք գործակցությունից խուսափելու միտում, այլ հակառակը, շահագրգիռ է եւ ցանկանում է, որպեսզի տեղի ունեցածի պատկերը վերականգնվի եւ բացահայտվի լիարժեք:
Սայաթ Շիրինյանը խոսել է նաեւ Հայաստանում հանցավորության վիճակի մասին։ Իննամսյա վիճակագրությունը վկայում է, որ հանցագործությունների ծավալը աճել է մոտ 18 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6510-ի դիմաց այս տարվա առաջին ինն ամսում կազմելով 6825: Այդ ֆոնին, նվազել է բացահայտումների թիվը: Նվազել է անչափահասների գործած հանցագործությունների թիվը, ինչպես նաեւ նվազել է հրազենով գործած հանցագործությունների թիվը:
Սայաթ Շիրինյանն ասել է, թե հանցավորության աճն իրականում պայմանավորված է նրանով, որ Ոստիկանության նոր ղեկավարությունը անհանդուրժողություն է ցուցաբերել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու պրակտիկայի հանդեպ: Իսկ բացահայտումների նվազումը Սայաթ Շիրինյանը պայմանավորել է նախագահի ընտրությանը եւ հետընտրական շրջանում ոստիկանության գերծանրաբեռնվածությամբ, ինչը ըստ Շիրինյանի, չէր կարող չազդել աշխատանքի արդյունքի վրա: Միաժամանակ, նա ասել է, թե երկրորդ եւ երրորդ եռամսյակում պատկերը փոխվում է դեպի լավը, ինչը հույս է տալիս ակնկալել, որ տարվա կտրվածքով կլինի գոհացուցիչ արդյունք:
Անցած ինն ամիսների ընթացքում մոտ 13 տոկոսով ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, կազմելով 1587, որից մահացել է 285 մարդ եւ ավելի քան 2000-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
