ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի ներկայացուցիչները Սյունիքում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկանցում է, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական Ա. Ավետիսյանը, քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման խմբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մարտիրոսյանը և քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ղեկավար Տ. Մարտիրոսյանը արագ արձագանքման հարցերով պատասխանատու Ա. Մաշինյանը, այցելել են ՀՀ Սյունիքի մարզ:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանի, ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի շտաբի պետ - հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Կ. Մուրադյանի հետ, այցելել Գորիս և Սիսիան քաղաքներում տեղակայված զորամասեր, «Գորիս» քրեակատարողական հիմնակ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին :
Ըստ քաղաքապետի, քաղաքի բնակչության՝ հատկապես երիտասարդության վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքը: Նախկինում եղել են հիմնարկը քաղաքից այլ վայր տեղափոխելու ծրագրեր, սակայն այն այդպես էլ չի իրագործվել:
Գորիս N զորամասում ըստ պաշտպանի ներկայացուցիչների, ընդհանուր պայմանները բավականին բարվոք էին: Ճաշարանում, խոհանոցում և սպասքի լվացման սենյակում աշխատում են քաղաքացիական անձինք, պատերին փակցված են սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող հանձնարարականները և սննդային պարտադիր նորմատիվները: Զորանոցներում առկա է կենտրոնացված ջեռուցում: Սնունդը բավականին որակյալ է, ինչը հաստատել են նաև զինծառայողները: Զինծառայողների հետ մեկուսի հաղորդակցվելու ժամանակ զինծառայողները հիմնականում դժգոհություններ և գանգատներ չեն ներկայացրել զինվորական ծառայության պայմանների վերաբերյալ: Նշել են նաև, որ նախատեսված ամսեկան դրամական բավարարումը ստանում են ամբողջությամբ: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև զորամասի կրտսեր սպայակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, որը նոր էր ծառայության անցել ՀՀ ԶՈՒ-ում և զբաղեցնում էր դասակի հրամանատարի պաշտոն: Սպան հայտնել է, որ ծառայության պայմաններից և հրամանատարության վերաբերմունքից գոհ է, և ծառայության սկզբնական շրջանին բնորոշ դժվարություններն անցել են: Սակայն պետք է նշել, որ սպայի ընդհանուր կրթական մակարդակը բավականին ցածր էր: Բացի այդ, նրա ընդհանուր պահելաձևից, հարցերին տրված պատասախաններից կարելի էր եզրակացնել, որ դեռևս չի հաղթահարել առավելապես շարքային կազմին հատուկ ինքնահաստատաման փուլը: Զորամասի, թե պարտադիր ժամկետային զինծառայողների և թե կրտսեր սպայակազմի որոշ մասի իրավագիտակցության մակարդակը ցածր էր: Համապատասխան ձևով հագեցված չէր իրավական անկյունը: Զինծառայողները իրենց իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին տարրական գիտելիքներ չունեին: Պաշտպանի ներկայացուցիչներն առաջարկել են համալրել իրավական անկյունը և այնտեղ տեղեկություններ զետեղել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին՝ նշելով Պաշտպանի աշխատակազմի հեռախոսահամարները և հասցեն:
Սիսիանի զորամասում էլ պայմանները գոհացուցիչ են եղել։ Զրույցի ընթացքում զինծառայողները նշեցին, որ զինվորական ծառայության ընդհանուր պայմաններից, սանիտարահիգիենիկ վիճակից գոհ են, սակայն հիմնական խնդիրը տրամադրվող արձակորւդներն են: Զինծառայողներից մի քանիսը դժգոհեցին, որ թեև իրենց զինվորական ծառայության 8 ամիսն արդեն անցել է, սակայն դեռ արձակուրդ չի տրամադրվել: Այն դեպքում, երբ իրենցից ուշ զորակոչված զինծառայողներին արձակուրդ արդեն տրամադրվել է: Այս փաստը հաստատեց նաև զորամասի սպաներից մեկը:
Խնդիրը պարզելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են զ/մ հրամանատար Տ. Փարվանյանի հետ: Նա նշել է, որ որպես զորամասի հրամանատար ինքն է որոշում, երբ և ում տրամադրել արձակուրդ: Եվ կարող է արձակուրդ չտրամդրել ոչ բարեխիղճ ու կարգազանց զինծառայողներին: Միաժամանակ, հավելել, որ ծառայության 8 ամիսը չլրացած զինծառայողներին արձակուրդի տրամադրումը բացառվում է, և սա այն դեպքում, երբ զինծառայողները և անգամ զ/մ սպաներից մեկը հակառակ փաստը հաստատեցին: Այնուամենայնիվ, հրամանատարը խոստացավ լուծել Պաշտպանի ներկայացուցիչներին դիմած զինծառայողների արձակուրդի հարցը:
Զորամասի հրամանատարի հետ զրույցը հակասական տպավորություն թողեց: Մի կողմից տպավորություն ստեղծվեց, որ հրամանատարը զորամասի ծառայությունը կազմակերպում է համապատասխան իրավական ակտերի շրջանակներում, խստիվ պահպանելով դրանք, սակայն մյուս կողմից նրա կողմից արված ոչ միանշանակ, որոշ դեպքերում նաև ոչ կոռեկտ հայտարարությունները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ իրոք մտահոգիչ են: Դրանք հիմք են հանդիսանում նշված զորամասը մարդու իրավունքների պոտենցիալ խախտման տեսանկյունից դասել ռիսկայինների շարքը և պահել մշտական ուշադրության ներքո:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին կատարված այցելության ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են բաժնի պետ Ս.Ս Առաքելյանին: Վերջինս հայտնել է, որ ներկա պահին Գորիսի բաժնում ձերբակալված անձինք չկան:
Այնուհետև պահանջվեց բերման ենթարկվածների հաշվառման մատյանը, որի ուսումնասիրության ընթացքում որևէ խախտում չհայտնաբերվեց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են նաև ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ, հանդիպել հիմնարկի պետ Պետրոսյանին, որը հայտնել է, որ ներկա պահի առաջնային խնդիրն է «Գորիս» ՔԿՀ-ում ատամնաբուժի բացակայությունը, որի պատճառով դատապարտյալները սաստիկ ատամնացավի դեպքում ստիպված են լինում ցավը մեղմել ցավազրկող հաբերով, որը սակայն կարող է ունենալ միայն ժամանակավոր ազդեցություն:
«Գորիս» ՔԿՀ-ի պետը հայտնել է, որ վերանորոգվել են որոշ խցեր, ինչպես նաև պատժախցերը ամբողջությամբ, պաշտպանի ներկայացուցիչներն այցելեցին նշված խցերը և արձանագրել, որ կատարված են համապատասխան վերանորոգման աշխատանքները :
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են դատապարտյալ Սեյրան Մակարյանին /հոդ 34/177 գողության փորձ/, որը հայտնել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ լրացել է նշված ռեժիմով իր պատիժը կրելու ժամկետը, սակայն իրեն չեն տեղափոխում այլ քրեակատարողական հիմնարկ: Խնդրել է միջնորդել իրեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու հարցում:
Մեկ այլ դատապարտյալ Հայկ Արզումանյանիը /112 հոդ./, հայտնել է, որ դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որից 5 տարին արդեն անցել է: Պատիժը կրելուց պայմանական վաղազհամկետ ազատվելու խնդրով դիմում է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովին, սակայն մերժվում է:
Մի շարք դատապարտյալների բացատրվել է իրենց իրավունքները՝ կապված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշման բողոքարկման հետ:
