Ստեղծվում է «Միացում» կոմիտե

Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը այսօր հաստատել է լուրերը, թե իրենք առաջիկայում ստեղծելու են նոր «Ղարաբաղ» կոմիտե, արդեն «Միացում» անվանումով։ Նախաձեռնության հեղինակները վաղը կհրավիրեն ասուլիս։

«Այսօր Ղարաբաղի խնդրի լուծման հարցում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Վերջին 7–8 տարիներին մենք հետևել ենք Ղարաբաղի հարցի բանակցություններին, վտանգավոր փուլեր եղել են, բայց այսօրվա վիճակը երբեք չի եղել։ Եվ այս իրավիճակին հասել ենք քոչարյանասերժական ապիկար գործունեության արդյունքում։ Ճիշտ է, իրավիճակը վատ է, բայց այնպես չէ, որ վերջ, կործանվում ենք։ Այս վիճակից դուրս ենք գալու և այս ելքից դուրս գալու համար առաջին հերթին մենքէ ՀՀ–ում և ԼՂՀ–ում ապրողներս պետք է մեր վճռական «ոչ»–ը ասենք այսօրվա ներկայացված, պարտադրվելիք առաջարկին։ Ղարաբաղի խնդրի աննպաստ լուծման համար առաջարկվող նախագիծը մերժելու համար պատրաստվում ենք զանգվածային միջոցառումների արշավ սկսել։ Եվ եթե վտանգը շարունակվի՝ կգնանք մինչև համահանրապետական հանրահավաքներ, այցեր շրջաններ»,– այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Շուշիի գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։