ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների աշխատանքին խոչընդոտելու փորձ
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը փորձել է «կարգուկանոն հաստատել» խորհրդարանում` դրանով իսկ խոչընդոտելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքին։
Այսօր ժամը 12-ին սկսվել է ԱԺ հերթական նիստը։ Պահպանության աշխատակիցները նիստերի դահլիճ չեն թողել փոքր-ինչ ուշացումով եկած լրագրողներին` դա բացատրելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի համապատասխան կարգադրությամբ։ Որոշ ժամանակ անց լրագրողները միջանցքում այդ առնչությամբ իրենց վրդովմունքն են հայտնել Հ.Քոթանյանին, քանի որ այդպիսով սահմանափակվում է իրենց աշխատանքի օպերատիվությունը։ Քոթանյանը պարզաբանել է, որ ինքն է կարգադրել ժամը 12-ից հետո լրագրողներին ներս չթողնել` «կարգուկանոն հաստատելու» նպատակով։ «ԱԺ կանոնակարգում նման դրույթ չկա, բայց մենք փորձում ենք պահպանել կարգուկանոնը», - հայտարարել է աշխատակազմի ղեկավարը, ավելացնելով, որ դա իր նախաձեռնությունն է, և խոսնակ Հովիկ Աբրահամյանը դրա հետ առնչություն չունի։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու աշխատակազմի ղեկավարը չի փորձում կարգուկանոն հաստատել, երբ պատգամավորները նիստերի դահլիճում իրենց անպարկեշտ արտահայտություններ են թույլ տալիս կամ քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, Հ.Քոթանյանն ասել է. «Դա նրանց գործն է»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնության առնչությամբ հանդիպել են ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչից հետո Արմեն Աշոտյանը հաղորդել է. «Ես խոսեցի խոսնակի հետ, նա ասաց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Մենք մտադիր չենք խոչընդոտել լրագրողների գործունեությանը, այժմ դուք կարող եք հանգիստ մտնել նիստերի դահլիճ և առաջվա նման աշխատել»։
