ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կթողարկվի «գրին քարտի» եվրոպական տարբերակը՝ blue card
Եվրամիության երկրները վերջնական համաձայնության են եկել եվրոպական «գրին քարտի»` blue card-ի թողարկման շուրջ, որը հնարավորություն կտա զարգացող երկրների արհեստավարժ մասնագետներին պարզեցված կարգով կեցության եւ աշխատանքի իրավունք ստանալ եվրոպական ընտանիքում:
Հղում անելով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին Ռոյթերզ գործակալությունը տեղեկացնում է, որ ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին միության անդամ 27 պետությունների նախարարները կստորագրեն համապատասխան համաձայնագիրը, ինչից 30 ամիս անց արդեն մեխանիզմը կսկսի աշխատել:
Նախագծի համաձայն` blue card-ը տրամադրվելու է առավելագույնը 4 տարի ժամկետով եւ հնարավորություն է տալու բարձրակարգ եւ արհեստավարժ մասնագետներին արագ կարգով աշխատանք գտնել Եվրամիության երկրներում, հեշտացնելու է ներգաղթյալների ընտանիքների միավորման գործընթացը, ինչպես նաեւ տրամադրելու է երկարաժամկետ կեցության ու աշխատանքի իրավունք:
Մյուս կողմից, այս ծրագրին կարող են դիմել միայն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետները, կամ նրանք, ովքեր 5 տարի շարունակ դրան համապատասխանող աշխատանք են կատարել տվյալ ոլորտում:
«Հին աշխարհը այժմ ստիպված է լուրջ պայքար մղել արհեստավարժ մասնագետների համար», - փաստում են փորձագետներն ու վկայակոչում վիճակագրությունը, որի համաձայն` ներկայումս Եվրամիություն ներգաղթողների միայն 2 տոկոսն են բարձրակարգ կրթությամբ, այն դեպքում, երբ Ավստրալիայում այդ ցուցանիշը հասնում է 10, Կանադայում` 7, Միացյալ Նահանգներում` մոտ 4 տոկոսի:
«Մենք բարձրակարգ մասնագետների կարիք ունենք, եթե ուզում ենք լինել մրցունակ, գիտելիքի հիման վրա կառուցված հասարակություն աշխարհում, եւ համոզված ենք, որ Եվրամիության անդամ երկրները կշահեն այս նախաձեռնությունից», - հայտարարում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Փորձագետները, սակայն, պնդում են, որ այս նախաձեռնությունը զիջում է ամերիկյան եւ կանադական նույնատիպ համակարգերին` նախ եւ առաջ այն իմաստով, որ հնարավորություն է տալիս աշխատանք գտնել եվրոպական միայն մեկ երկրում: Տվյալ երկրում 18 ամիս աշխատելուց հետո ներգաղթյալը կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ պետություն, սակայն այստեղ եւս ստիպված է պայքարել նույն blue card-ը ստանալու համար: Ընդ որում, նույն մասնագետին Ֆրանսիայում կարող է տրվել աշխատանքի ու կեցության իրավունք, հարեւան երկրում` մերժվել. թե ում, երբ եւ որքան blue card է տրամադրվելու, որոշելու են առանձին երկրների կառավարությունները։
