ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի Հայտարարությունը
Մարտի մեկից հետո կալանավորված Աշոտ Զաքարյանը հայտարարությամբ անդրադարձել է Գյումրի քաղաքապետի ընտրությանը
«Սիրելի համաքաղաքացիներ,
2008 թվի հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքը հինգերորդ անգամ ընտրելու է քաղաքապետ եւ ավագանի:
Ինչպես մինչեւ այժմ տեղի ունեցած բոլոր համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավների ձեւերը, միջոցներն ու մեթոդները, գալիս են ապացուցելու այն, որ ՀՀ-ում ընտրական համակարգը, ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը դեռեւս հեռու են ժողովրդավարական կոչվելուց, ինչը լուրջ մտահոգության առարկա է:
Ընտրակաշառք կոչվածը դրամի, դեղորայքի, տարբեր տեսակի բնամթերքի տեսքով շարունակվում է մնալ ընտրություններ անցկացնելու կարեւոր գործոններից մեկը: Թեկնածուների կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ստահոդ արտահայտություններ տարածելը կարծես դառնում է օրինաչափություն:
Սիրելի համաքաղաքացիներ, կարեւորելով յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը, դերն ու նշանակությունը մեր հայրենիքը քաղաքակիրթ եւ ժողովրդավարական երկիր դարձնելու գործում, գիտակցելով, որ Հայաստան պետության տերը ժողովուրդն է, արժեւորելով քաղաքացու ձայնի արժեքը, նրա մասնակցությունը կառավարմանը, ինչպես նաեւ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում լարված ներքաղաքական իրավիճակը, մեծ նշանակություն տալով ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, կոչ եմ անում Ձեզ` Ձեր ակտիվ մասնակցությունը բերել Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին:
Քվեարկելով խղճով, համոզմունքով, Ձեր մասնակցությամբ տեր կանգնեք Ձեր ազատ ընտրելու իրավունքին եւ թույլ մի տվեք ընտրությունների արդյունքների խեղաթյուրում:
Լավագույն մաղթանքներով` քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյան
