Որոշում Ջուղայի մասին

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում գումարվել է ԻԿՕՄՕՍ-ի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի 16-րդ Գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է ԻԿՕՄՕՍ-Հայաստանը՝ ի դեմս Գ. Գոյրջյանի (նախագահ), Հ. Ազիզյանի (գլխավոր քարտուղար) և Մ. Բրամբիլլայի (արտասահմանյան անդամ)։ Ասամբլեային մասնակցել են ԻԿՕՄՕՍ-ի 75 ազգային կոմիտեներ՝ շուրջ 1000 պատվիրակներով, զուգահեռ անցկացվել է նաև միջազգային գիտաժողով «Որտեղ է թաքնված վայրերի ոգին. մտորումներ նյութականի և ոչ նյութականի վերաբերյալ» խորագրով։

ԻԿՕՄՕՍ-ի 16-րդ ասամբլեան ընդունել է 32 որոշումներ, որոնցից մեկը վերաբերում է Ջուղայի գերեզմանատանը՝ հիմնվելով ԻԿՕՄՕՍ-Հայաստանի կողմից առաջարկված "Ջուղայի պատմական գերեզմանատան ավերումը" որոշման նախագիծի վրա։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«2008թ. հոկտեմբերին Քվեբեկում գումարված ԻԿՕՄՕՍ-ի 16-րդ Գլխավոր ասամբլեան որոշում է

• Որպես Մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ-պետության՝ ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ավերման վրա և նրանց տեղեկացնել ժառանգության պահպանության միջազգային փորձագետների մտահոգությունը

• Դիմել ադրբեջանական իշխանություններին՝ դյուրացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և/կամ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր՝ այն ուսումնասիրելու և միջազգային հանրությանը արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով»։

ԻԿՕՄՕՍ-ի հաջորդ Գլախվոր ասամբլեան կգումարվի 2011թ-ին Իսպահանում։