ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օպերատորը արյուն է տեսել
Մարտի մեկի դեպքերը ուսումասիրող ժամանակավոր հանձնաժողովը սպասում է, «Ա1+» հեռուստաընկերության օեպերատորին, որ պարզի նրա նկարահանած կադրերում երեւացող հեղուկը արյուն է, թե ոչ։ Իսկ օպերատոր Հովսեփ Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պնդել է, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր կողմից նկարահանված կադրերում երեւացող հեղուկը արյուն է:
«Այդ կադրերը ես նկարել եմ մարտի 1-ին, երեկոյան ժամը 10:20-ին` Պարոնյան փողոցի այդ խաչմերուկում: Նկարահանումները կատարելիս ես գնացի այդ կողմ եւ հանդիպեցի այդ տեսարանին, որտեղ ամբողջովին թաթախված էր այդ հատվածը արյունով։ Հաստատ արյուն է, որովհետեւ ես այդ արյունի միջով մի քանի քայլ քայլել եմ, որպեսզի հնարավորինս լուսավոր հատված գտնեմ, որ նկարահանեմ: Այնտեղ ոսկորներ ինչ-որ, ավտոմատի պատրոններ կար դատարկ` արյան մեջ, նույնիսկ մեկ հատ էլ, եթե չեմ սխալվում, որսորդական պատրոնի դատարկ պարկուճ: Այդ տեսարանը ես իմ աչքերով եմ տեսել, նկարահանել եմ, ու դրանից հետո հետ եկանք էլի Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ խաղաղ միտինգն էր շարունակվում, 10:30-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ մենք վերադարձանք խմբագրություն։ Դա տեսել եմ արդեն եղած, գործողությունը կատարված-վերջացրած, ես գործողությանը ներկա չեմ եղել արդեն, ես չեմ կարող ասել` կոնկրետ դա հաստատ մարդո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ այդ ծնոտը նման էր մարդու, այդքան բան կարող եմ ասել: Ես` որպես գյուղում ապրող տղա, ես այսքան ժամանակ ոչխարի նման ծնոտ չեմ տեսել, չգիտեմ: Ոչ էլ կարող եմ ասել, որ հաստատ մարդ էր: Բայց նմանություն կար: Կրակոցներ միշտ էլ լսվում էին արդեն այդ ընթացքում, այդ կադրերում չի՞ երեւում, որ կրակոցներ կան, օդ էլ էին կրակում, այդ կադրերն էլ կան, որ կրակոցները լսվում են», հայտարարել է Հովսեփ Հովսեփյանը:
Հովսեփ Հովսեփյանը պատրաստ է այս ամենը կրկնել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
