Ումից են դժգոհ սպառողները

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը այսօր լրագրողներին ասել է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն այս տարվա ընթացիկ ամիսներին սպառողներից ստացել է 690 բողոք, դժգոհություն և զանգ։ Մարդկանց հիմնական ահազանգերը վերաբերում են սննդի անվտանգությունը, պարենային ապրանքներին, հանրային ծառայությունների ոլորտին՝ հեռահաղորդակցության ոլորտին, ջրամատակարարմանը, գազամատակարարմանը, հատկապես, գազի ներտնային սպասարկմանը։

690 բողոքներից 150–ը վերաբերում են ջրամատակարարմանը և մոտ 100–ը՝ հեռահաղորդակցության ոլորտին։ Նրա խոսքով՝ հատկապես վերջին շրջանում բջջային կապի բաժանորդները շատ են դժգոհում իրենց հաշիվներում նկատվող հավելումներից։ Ջրամատակարարման ոլորտի դժգոհությունները, ըստ ակումբի հյուրի, վերաբերում են ջրամատակարարման գրաֆիկին։

Սննդի անվտանգության մասին ահազանգերը վկայում են չմակնշված, ժամկետանց սննդի վաճառքի մասին։ Դժգոհություններ կան նաև մակնշումների անընթեռնելիության մասին. շատ սպառողներ բողոքում են, որ այնքան մանր են գրված ապրանքների մակնշման տեքստերը, որ հնարավոր չի լինում կարդալ։

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անանսնաբուծական տեսչությունը ստուգումներ է սկսել հացի շուկայում թերակշռումներն ու մյուս խախտումները հայտնաբերելու համար։ Աբգար Եղոյանը կարծիք է հայտնել, որ ավելի հեշտ է հացի քաշի նկատմամբ վերահսկողություն իրականացնել արտադրության փուլում, քան վաճառքի ժամանակ՝ խանութներում։

Իսկ ընդհանրապես, կազմակերպության ղեկավարը կարծում է, որ հարցի լուծման գործիքը տեղեկատվություն տարածելն է։ «Այսինքն, տեսչությունը պետք է ասի, թե, օրինակ, հաց արտադրող որ արտադրամասն է հացի քաշը նորմայից պակաս թխում, ու այդ մասին պետք է հայտարարվի։ Այդ արտադրամասից խանութները հաց չեն վերցնի այլևս, սպառողներն էլ չեն գնի թերակշիռ այդ հացը»,– հայտարարել է Աբգար Եղոյանը։