ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկուսացումը կշարունակվի
«Քանի դեռ Հայաստանը չի ազատել մեր տարածքները, Ադրբեջանը կշարունակի Հայաստանի տոտալ մեկուսացման քաղաքականությունը։ Մենք կշարունակենք մեր ճնշումը դիվանագիտական, տրանսպորտային, ռազմական, տեղեկատվական եւ այլ ոլորտներում։ Միանշանակ է, որ մինչեւ խնդրի կարգավորումը հնարավոր չէ Հայաստանի հետ համագործակցությունը որեւէ տարածաշրջանային ծրագրում: Վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ռազմական ոլորտ է ներդրվել 4,5 միլիարդ դոլար:», - հայտարարել է Ադրբեջանի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը երկրի կառավարության երեկվա նիստի ժամանակ:
Ալիեւը ասել է, թե չնայած որոշ առաջխաղացմանը` ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում որեւէ կոնկրետ արդյունք չկա: Նա հավելել է, որ Բաքուն դեռ տեսնում է գործընթացի շարունակման անհրաժեշտությունը, սակայն հարցը ձգձգվում է:
Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնավորապես, ասել է. - «Մենք հուսով ենք, որ Բիշքեկում կայացած Մամեդյարով - Նալբանդյան հանդիպումից հետո հաջորդ քայլը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ես կարող եմ կրկնել մեր փոխնախագահ Դիք Չեյնիի խոսքերն այն մասին, որ մենք փնտրում ենք խնդրի լուծման փոխըմբռնելի սկզբունքներ, որոնք սկսվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից եւ ներառում են հավելյալ սկզբունքներ»։
