ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանձնաժողովին էլի ժամանակ է պետք
Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը դիմել է խորհրդարանի ղեկավարությանը հանձնաժողովի աշխատանքը մինչեւ 2 ամիս երկարաձգելու համար: Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը:
Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հանձնաժողովը պետք է եզրակացությամբ հանդես գար հոկտեմբերի 25-ին, սակայն այդ բանը չի անի: Արտաշես Շահբազյանն ասել է, թե ժամկետի խնդիր կարծես թե չունեին եւ պատրաստվում էին դրա մեջ տեղավորվել, սակայն քանի որ արդեն խոսք է գնում փաստահավաք խմբի ստեղծման մասին, հանձնաժողովականները որոշել են, որ լավ կլինի ժամանակը երկարաձգել, որպեսզի խումբն էլ կարողանա աշխատել եւ իր աշխատանքի արդյունքը ներկայացնել հանձնաժողովին:
Մասնավորապես, հարցին, թե օրինակ ինչու մինչեւ այժմ փորձ չի արվել հանձնաժողով հրավիրել եւ լսել նախկին ոստիկանապետին, կամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արտաշես Շահբազյանն ասել է, թե պետք չէ բացառել, որ նրանց կհրավիրեն լսելու, սակայն այն բանից հետո, երբ իրենց համար կատարվածի վերջնական պատկեր պարզեն, այլապես երբ չգիտեն, թե այդ մարդկանց ինչ հստակ հարցեր պետք է տան եւ ինչ խնդիր բարձրացնեն նրանց առաջ, նպատակահարմար չէ նրանց հրավիրելը:
