ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան կսահմանի քրեական պատասխանատվություն Մեծ Եղեռնը և Հոլոքոստը ժխտման համար
Սլովակիայի արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինի հրավերով հոկտեմբերի 6-7-ը Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Սլովակիա:
Արդարադատության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ստորագրված իրավական համագործակցության համաձայնագրի կատարմանն առնչվող ընթացակարգերը: Հանդիպման ընթացքում Ստեֆան Հարաբինը տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ կառավարություն ներկայացվեց օրենքի նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 1915թ. Մեծ Եղեռնը և Հոլոքոստը ժխտողների համար: Աղբյուրի համաձայն` օրինագիծը դեռևս քննարկման փուլում է: Սլովակիայի արդարադատության նախարարը հաստատակամություն է հայտնել հիշյալ օրենսդրական նախաձեռնության հարցում հետևողական լինելու առնչությամբ և հավաստել է, որ առկա տարաձայնությունները չեն կարող խոչընդոտել նախաձեռնության հաջողությանը:
Այցելության շրջանակներում Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը, փորձի ուսումնասիրության նպատակով, այցելել է Սլովակիայի մի շարք դատարաններ, քրեակատարողական հիմնարկներ, նոտարական պալատ և դատավորների ու դատախազների վերապատրաստման ակադեմիա:
Հայկական պատվիրակությունը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավա քաղաքում 2004թ. նոյեմբերի 30-ին, այդ երկրի Պառլամենտի կողմից հայկական Մեծ Եղեռնը դատապարտող որոշում ընդունելու առթիվ կանգնեցված հայկական հուշարձան-խաչքարին։
