ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանդիպում վարչական դատարանում
Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է Չեխիայի հանրապետության պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ։
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ Վարչական դատարանի նախագահը պատվիրակության անդամներին համառոտ ներկայացրեց մեր երկրի օրենսդրական դաշտը, դատաիրավական բարեփոխումներն ու դրանց ընթացքը, 2008 թվականի հունվարից գործող նորաստեղծ Վարչական դատարանի գործառույթները, վարչական իրավունքին առնչվող խնդիրները, ինչպես նաև խոսեց վարչական դատավարության և Վարչական դատարանի ակտերի բողոքարկման կարգի մասին։ Պարոն Մուկուչյանի խոսքերով, մեր երկրում Վարչական դատարանն իր էությամբ և բովանդակությամբ բոլորովին նոր դատարան է, իսկ նորույթը կայանում է նրանում, որ այն դատավարությունը, որով իրականացվում է վարչական գործերի քննությունը, էականորեն տարբերվում է քաղաքացիական կամ քրեական դատավարությունից։ Վերջինս նշեց նաև, որ գործունեության 10 ամիսների ընթացքում Վարչական դատարան են մուտք եղել ավելի քան 7 հազար հայցադիմումներ և 33 հազար վճարման կարգադրություններ։
Կարևորելով համագործակցությունը հատկապես իրավունքի ոլորտում՝ Չեխիայի հանրապետության պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալը ներկայացրեց Չեխիայի դատական համակարգն ու նրա առանձնահատկությունները՝ ընդգծելով, որ այն որոշակի նմանություններ ունի Հայաստանի դատական համակարգի հետ։
