ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի բանակում «դեդովշչինա» չկա՞
Ադրբեջանական բանակում տիրող «դեդովշչինայի» մասին տեսանյութ է տեղադրվել YouTube-ում։ Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երկու-երեք զինվորներ ծեծի են ենթարկում զորանոցում շարք կանգնած նորակոչիկներին` ապտակելով, հետո բռունցքներով, ոտքերով հարվածելով նրանց:
Տեսանյութի հայտնվելուց անմիջապես հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական քննություն է անցկացրել: Ադրբեջանական Day.az ինտերնետային թերթը պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլից տեղեկացել է, որ քննության արդյունքում պարզվել է, որ այդպիսի միջադեպ ադրբեջանական բանակում մինչեւ հիմա չի եղել:
«Դա կեղտոտ սադրանք է բանակի դեմ, մեր տեսած տեսագրությունը հիանալի ներկայացում է։ Եթե անգամ նման բան պատահել է` տեսանյութը առաջին հերթին պետք է ներկայացվեր պաշտպանության նախարարությանը, եւ եթե դրանից հետո արձագանք չլիներ, ապա արդեն կարող էին դա տեղադրել ինտերնետում: Հիմա էլ ուշ չէ նախարարություն դիմելու համար, եթե կան իրական փաստեր ու ապացույցներ։ Թվում է, ինչ-որ մեկին շահեկան է բանակի դեմ սադրանքը, որպեսզի բանակի մասին բացասական վերաբերմունք ձեւավորվի: Կարելի է ասել` բանակում «դեդովշչինան» գործականում վերացված է, եւ յուրաքանչյուր բացասական երեւույթի նախարարությունը անմիջապես արձագանքում է եւ վերացնում խնդիրը։ Ադրբեջանում ոչինչ հնարավոր չէ թաքցնել, եւ եթե այդպիսի բան պատահեր` ժողովուրդը վաղուց կիմանար: Ինտերնետային այդ կայքը ազատ է, յուրաքանչյուրը կարող է այնտեղ տեղադրել իր նկարահանածը. դրանից էլ օգտվել են ադրբեջանական բանակի դեմ սադրանքի հեղինակները», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը:
