«ARTICLE 19» միջազգային կազմակերպության հայտարարությունը

«ARTICLE 19»-ը (Հոդված 19) լրջորեն մտահոգված է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխություններով, որոնց համաձայն` թվային համակարգի անցման պատճառով մինչեւ 2010 թ հուլիս ամիսը կասեցվում է հեռարձակման արտոնագրերի տրամադրումը, ինչը, ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, լրացուցիչ խոչընդոտ կստեղծի «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու ճանապարհին:

Հիշյալ օրենսդրական փոփոխություններն ընդունվել են 2008 թ սեպտեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում` առանց շահագրգիռ կողմերի եւ կազմակերպությունների հետ որեւէ նախնական խորհրդակցության: Ենթադրվում է, որ փոփոխությունները հիմնականում ուղղված են ՚«Ա1+»-ի դեմ եւ անտեսում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: «Ա1+»–ը ընդդիմադիր հեռուստաընկերություն է, որը կորցրել է իր հեռարձակման արտոնագիրը 2002 թ վիճահարույց մրցույթում եւ որին այդ ժամանակից ի վեր չի հաջողվել նոր արտոնագիր ստանալ հետագա տասներկու մրցույթներից եւ ոչ մեկում:

Ներպետական դատական ատյաններում երկարատեւ եւ անհաջող բողոքարկման գործընթացի ավարտը Մարդու իրավունքների եվրոպական դատարան` «Ա1+»-ի ներկայացված հայցն էր: 2008 թ հունիսին Դատարանը վճռեց, որ ընկերության` արտահայտվելու ազատության իրավունքը խախտվել է ներքին օրենսդրության անկատարության պատճառով, որի դրույթներից եւ ոչ մեկը` ազգային կարգավորող մարնի կողմից` հեռարձակման արտոնագրերի մերժումը հիմնավորելու պահանջ չի պարունակում:

Լիովին գնահատելով գիտատեխնիկական առաջընթացի ավանգարդում գտնվող պետություններին համաքայլ շարժվելու` Հայաստանի կառավարության ջանքերը, «ARTICLE 19»-ը, այդուհանդերձ, պնդում է, որ այս օրենսդրական փոփոխությունները, «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու փոխարեն, հետագա խոչընդոտներ են ստեղծում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման ճանապարհին: Հետեւաբար, նրանք ոչնչով չեն նպաստում Հայաստանում արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությանը:

«ARTICLE 19»-ը, այսպիսով, կոչ է անում Հայաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել արտոնագրերի տրամադրման կասեցումը եւ նախքան թվայնացման համակարգին անցնելը ապահովել «Ա1+»-ի մասնակցությունը բաց, հրապարակային եւ արդար մրցույթի:
«ARTICLE 19»-ը նշում է, որ Հայաստանը վավերացրել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որոնք հոդված 19-ում եւ 10-ում համապատասխանաբար երաշխավորում են արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային անդամակցելը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է Դատարանի վճիռների անվերապահ կատարում: «ARTICLE 19»-ը, հետեւաբար, կոչ է անում Հայաստանի կառավարությանը պահպանել արտահայտվելու ազատության ոլորտի իր միջազգային պարտավորությունները եւ ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն այդ պարտավորությունների կատարմանը, այլ ոչ թե էլ ավելի կհեռանան դրանցից:

Բացի այդ, «ARTICLE 19»-ը հորդորում է Հայաստանի իշխանություններին նախաձեռնել առավել հիմնավոր օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում տեսաձայնային ծառայությունները կունենան առավել մեծ անկախություն, բազմակարծություն եւ բազմազանություն:
Մասնավորապես`«ARTICLE 19»-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանն ուսումնասիրել այն մեխանիզմները եւ մոտեցումները, որոնք թույլ կտան բարեփոխել Սահմանադրությունը` առավել մեծ անկախություն ապահովելու կարգավորող մարմնի գործունեությանը: Ներկայիս կարգը, որի համաձայն հիշյալ մարմնի անդամների կեսին նշանակում է նախագահը, իսկ մյուս կեսին` խորհրդարանը, չի համապատասխանում կարգավորող մարմնի անկախության ոլորտում ընդունված միջազգային չափորոշիչներին։

«ARTICLE 19»-ը կազմակերպության մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ www.article19.org